Ոստիկաններն ու քաղաքացիական ակտիվիստները Ուկրաինայում կանգնեցրել են ռուսական տանկերի շարասյունը՝ առանց մեկ կրակոց արձակելու: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ պետական ծառայությունից:
«Միացյալ և ուժեղ: Չեռնիգովի մարզի Կրյուկովցիում ոստիկաններն ու քաղաքացիական անձինք ձեռնամուխ են եղել ռուսական տանկերի շարասյունը կանգնեցնելուն: Մեր ոստիկանությունը ոչ միայն փողոցներում կարգուկանոն է պահպանում, այլև պատրաստ է թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը։ Ոստիկանները վտանգելով սեփական կյանքը, քաղաքացիների հետ կողք-կողքի կանգնեցրին ռուսական տանկերի շարասյունները, որպեսզի տեխնիկան վերադառնա Ռուսաստան:
Մենք փորձում ենք օկուպանտներին կանգնեցնել ոչ միայն ծանր զինատեսակներով, այլև՝ խոսքով: Եթե նրանք մեր խոսքը չլսեն, ապա, ստիպված կլինենք դաժան կերպով բացատրել։ Սա մեր Պետությունն է»,- նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։