Անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտին։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նա նաև հանձնարարել է անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերի՞ց է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։ Եվս 350 միլիոն դոլար են գնահատված ռազմական գերատեսչության պաշտպանական իրերը և ծառայությունները։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել