Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Պատերազմ սկսելու միտումնավոր և գիտակցված ընտրություն կար, երբ մենք դեռ կարող էինք խաղաղության բանակցություններ վարել: Մենք, որպես եվրոպացի, այս գիշեր որոշեցինք մեր պատասխանն ուղղել:
Որպես եվրոպացի, մենք որոշել ենք շատ ծանր հարվածներ հասցնել Մոսկվայի մարդկանց՝ ֆինանսների, էներգետիկայի, տրանսպորտի, արտահանման, վիզաների ոլորտներին։ Այս ամենն անդրադառնալու է նաև մեղսակից բելառուսական ռեժիմի վրա։
Որպես եվրոպացի, մենք որոշել ենք Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրել։ Դա աննախադեպ է։
Մենք կշարունակենք մատակարարել զինտեխնիկա և այս փորձության մեջ աջակցել բնակչությանը։
Որպես եվրոպացի, որոշել ենք ավելի հեռուն գնալ՝ պաշտպանելու մեր համաքաղաքացիներին՝ ամրապնդելով մեր անձնակազմը Էստոնիայում, արագացնելով մեր տեղակայումը Ռումինիայում։ Մենք կլինենք մեր դաշնակիցների կողքին»,-նշել է նա։
Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաև հայտնել է, որ ր Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին։ «Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, ուղիղ, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ զրույցի նպատակը ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու խնդրանքն էր։
—————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։