Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է չեչեն ակտիվիստների վրա հարձակումներ նախապատրաստող ռուսների նկատմամբ հետաքննությունը, նրանց սպասվում է մինչև 33 տարվա ազատազրկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ տարի հոկտեմբերին Թուրքիայի դատարանը ձերբակալել էր Ռուսաստանի չորս, Ուզբեկստանի և Ուկրաինայի մեկ քաղաքացի՝ ռազմական և քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիր ակտիվիստների վրա զինված հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով։
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում ռուսաստանցիների կալանավորման մասին։
«Ավարտվել է Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի հետաքննությունը ռուսական լրտեսական ցանցի դեմ, որը հարձակում էր նախապատրաստում չեչեն ակտիվիստների վրա Թուրքիայում։ 25 էջանոց մեղադրական եզրակացություն է ուղարկվել Ստամբուլի ծանր Քրեական դատարանը»,- մանրամասնել է թուրքական լրատվականը։
Հաղորդվում է, որ հարցաքննությունից հետո ռուսներին մեղադրանք է առաջադրվել քաղաքական և ռազմական լրտեսության մեջ, և սպասվում է 22-ից 33 տարվա ազատազրկում։