ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փետրվարի 10-ին հայտարարեց, որ իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հյուրանոցային համալիրը 5 միլիարդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Այս ընկերությունը միակ հայտ ներկայացրածն է եղել հայտարարված մրցույթին։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի և դրա սեփականատիրոջ՝ Նարեկ Նալբանդյանի մասին
Իրավաբան.net-ը հայտնում է, որ ըստ պետական ռեգիստրից ստացված տվյալների՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն 2019 թվականից ի վեր 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Նարեկ Նալբանդյանին։
Ըստ նախարար Գնել Սանոսյանի ներկայացրած տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է.
- անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) – 5 602 293 000 ՀՀ դրամ,
- շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։
Սահմանված է եղել նաև, որ սահմանված նվազագույն գինը՝ 5 միլիարդ դրամը, ենթակա է 5 տարվա ընթացքում հավասարաչափ վճարման։
Այսինքն, ընկերությունը պետք է վճարումը կատարի հետևյալ գրաֆիկով․
- 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 միլիոն դրամը,
- 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը,
- 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը,
- 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը,
- 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը։
Գնման վերաբերյալ ընկերության ֆեյսբուքյան էջում փետրվարի 11-ին ևս հայտարարություն է հրապարակվել։
Նշենք, որ ընկերության կայքէջի տվյալներով «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն․
- Հայաստանում ալյուր արտադրող ամենախոշոր արտադրողներից մեկն է․ գործարանները գտնվում են Մասիսում և Արտաշատում («Նալբանդյան ալյուր»),
- Միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում ավելի քան 200 բեռնատարների սեփական ավտոպարկով,
- «Թրաք սերվիս» բեռնատարների սպասարկման կենտրոնը Հայաստանի ամենամեծ սպասարկման կենտրոնն է։
Ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը զբաղվում է նաև ձվի արտադրությամբ («Շիրակ» թռչնաֆաբրիկա)։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Նալբանդյանին են պատկանում նաև․
- «Նոր Լուսակերտ» ՍՊԸ – 100 % բաժնեմասը,
- «ՄԱՆ հոլդինգ» ՍՊԸ – 100 % բաժնեմասը,
- «ՄԱՆ Պեյնտս» ՍՊԸ – 25 % բաժնեմասը,
- «ՄԱՆ Փեինթս» ՍՊԸ – 51 % բաժնեմասը,
- «ՄԱՆ Տրանս» ՍՊԸ – 51 % բաժնեմասը,
- «ՄԱՆ Տեյնտս 1» ՍՊԸ – 100 % բաժնեմասը,
- «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ – 100 % բաժնեմասը,
- «ՆՆ տրանս» ՍՊԸ – 100 % բաժնեմասը,
- «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ – 50 % բաժնեմասը։
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի մասին
Դեռևս 2018 թվականի հոկտեմբերին Ազգային Անվտանագության ծառայությունից հայտնեցին, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:
Ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:
Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:
Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:
2019 թվականին այս գործը կարճվեց։
——————
2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:
——————
Կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի նիստին որոշում ընդունեց «Գոլդեն Փելիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019թթ․ դրությամբ 7.535.889.800 դրամ գնահատված շուկայական արժեքով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
——————
2019 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ պետությունը վաճառքի կհանի հյուրանոցը։ Արդեն նոյեմբերի՝ կառավարության նիստին որոշում ընդունվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2019 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7․526․457․800 դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7․204․568․800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321․889․000 ՀՀ դրամ), իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62․431․200 ՀՀ դրամ։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4․944․600 դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
——————
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի առաջին աճուրդը նախատեսված էր 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ինչի մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը։
Դեկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ նախատեսված աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ «Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը։
Հաջորդ աճուրդը նախատեսվեց 2020 թ. փետրվարի 21-ին։ Ըստ ՊԳԿ-ի՝ հյուրանոցային համալիրի 19․758 ք.մ մակերեսով շենք-շինությունների, 1.38 հա հողամասի, ինչպես նաև 3․257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7․150․134․910 դրամ։
Վերջին աճուրդի մասին, որի արդյունքում էլ վաճառվեց հյուրանոցային համալիրը, ՊԳԿ հայտարարության մեջ նշվեց, որ Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 5 000 000 000 ՀՀ դրամ է, նախավճարի չափը՝ 250 000 000 դրամ։ Օտարման գույքի արժեքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության արժույթով 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ ժամանակացույցի։
——————
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ ՊԳԿ նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով․
- Շինությունը շարունակվելու է օգտագործվել որպես հյուրանոց,
- Եթե չպահպանվեն ներդրումային պարտավորությունները, պետությունը կարող է տուգանքներ կիրառել,
- Յուրաքանչյուր վճարումից 30 տոկոս կփոխանցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 300 միլիոն դրամ։
Հարկ է նշել, որ այս ամենից մի քանի հարց է հետևում և բոլոր հարցերում կարմիր թելի պես գնում է մի գիծ՝ պետությունը տուժել է։ Մասնավորապես․
1․ Պետությունը «Գոլդեն փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն ստացվել է 7․535․889․000 դրամ գնահատված շուկայական արժեքով (11.06.2019 թթ. դրությամբ): Վաճառքը կատարվել է 5 մլրդ դրամով, այսինքն պետությունը կորցրել է 2,5 մլրդ 889 հազար դրամը։
2․ Աշխատող բիզնեսը՝ հյուրանոցն իր գործունեությունը դադարեցրել է և շուրջ 3 տարի, ինչի ընթացքում հնարավոր եկամուտից պետության բյուջե հարկեր մուտք չեն եղել։
3․ Ինչու՞ Արմեն Ավետիսյանը որոշեց հյուրանոցը նվիրել պետությանը, ինչի որոշ ժամանակ անձ իր հետ կապված քրեական գործը կարճվեց։ Ինչու՞ մինչ օրս իրավապահները քննության առարկա չեն դարձրել դարձրել նվիրատվության գործարքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
4․ Բացի այն, որ շուրջ 2․5 մլրդ ավելի նվազ գումարի դիմաց է վաճառվել հյուրանոցը, այն տրվել է նաև գումարի տարաժամկետ մարման հնարավորությամբ։ Փաստացի՝ պետության բյուջե կարող էր մուտք լիներ 7․5 մլրդ դրամ, այնինչ առաջին մուտքով պետբյուջե կստացվի ընդամենը 1 մլրդ դրամ։
Թեպետ նշվում է, որ գնորդը 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել, ստացվում է այնպես, որ Նարեկ Նալբանդյանը պետությանը առաջին տարում կվճարի 1 մլրդ դրամ, ներդրումն անելով կկարողանա այժմ ու առաջիկա 5 տարիների ընթացքում շահույթ ունենալ ու այդ շահույթից վճարել մնացյալ 4 մլրդ դրամը, իսկ տարաժամկետ վճարվելիք 4 մլրդ. դրամից կատարել ներդրումները, ինչի արդյունքում կստացվի, որ հյուրանոցը, կարելի է ասել փաստացի «նվեր» է տրվել։
5․ Ընդհանուր առմամբ այս ողջ շղթան՝ ավարտած վերջնական գնմամբ, պետք է իրավապահների քննության առարկա դառնա հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսւոմնասիրման տեսանկյունից, ինչպես նաև պետք ուսումնասիրվի հյուրանոցի գնորդի` Նարեկ Նալբանդյանի հնարավոր փոխկապակցվածությունը քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ։
Ալիսա Չիլինգարյան