Ծաղկաձորի «Գոլդեն փելիս»-ը վաճառվել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«2021 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) – 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ»,-նշել է նախարարը:

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.

1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը

2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը

3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը

4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը

5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը

Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։

Ընկերության կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։

Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել