Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ խոսել ենք փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։
– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։
– Ես կարծում եմ, որ արդարադատության նախարարությունը ուզում է փաստաբանության ինստիտուտը դարձնել ավելի ուժեղ և միջազգային պահանջներին համապատասխան: Համոզված եմ, որ այն պետական կառույցները, որոնք նման փոփոխություններ են նախաձեռնում՝ բարեխիղճ են գործում: Բայց երբ ծանոթանում ենք նախագծին, երևում է, որ առաջարկվող փոփոխությունները ավելի շատ վնասելու են փաստաբանական համայնքին: Առանձին որոշ առաջարկություններ դրական են, բայց ընդհանուր առմամբ այս փոփոխությունները կարող են վտանգել փաստաբանի անկախությունը: Այսինքն՝ մենք կարող ենք ունքն ուղղելու փոխարեն աչքը հանել:
Բախտ եմ ունեցել շփվել նախագիծը առաջարկողների հետ: Նրանց հետ անմիջական շփումը ցույց տվեց, որ նրանք բարեխիղճ են, բայց այս ինստիտուտը խորքային չեն պատկերացնում: Չեն պատկերացնում նաև մեր երկրում առկա այն խնդիրները, որոնց հետ փաստաբանն իր ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում է: Այս խնդիրների կարգավորման համար մեզ պետք է ուժեղ և միասնական փաստաբանական համայնք, որը փաստաբանի օրինական գործողությունների իրականացման ժամանակ հանդիպած խոչընդոտներին կարձագանքի և անհրաժեշտության դեպքում նաև կսատարի:
Փաստաբանական համայնքը պետք է կարողանա երաշխավորել փաստաբանի անվտանգությունը՝ տարբեր երևույթների ժամանակ, ինչպես օրինակ՝ որոշ պաշտոնյաների սկսած ոստիկանից, որոշ դեպքերում ոչ բարեխիղճ քննիչից, և այլ պետական ուժային կառույցներ ներկայացնող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու, փաստաբանի գործունեությունը նվաստացնելու դեպքում: Երբ փաստաբանը տեսնում է, որ միայնակ է, նա հնարավոր է չկարողանա իր վստահորդի իրավունքները բարձր մակարդակով պաշտպանել, նույնիսկ, եթե տվյալ փաստաբանի իրավաբանական գիտելիքները բավարարում են: Այս առումով մեր փաստաբանական համայնքի դերը չափազանց մեծ և կարևոր է: Ինչ վերաբերում է ներքին բարեխղճությանը, ապա վերջին տասը տարիների ընթացքում Փաստաբանների պալատն աշխատում է թափանցիկ և ներկայացնում է ֆինանսական մանրակրկիտ հաշվետվություններ: Ես չեմ պատկերացնում, որ այստեղ որևէ խնդիր կա:
– Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը։
– Մենք այսօր ունենք գործող կառուցակարգ, որն իմ պատկերացմամբ ավելի քան կոլեգիալ է: Այսօր փաստաբանների ընդհանուր ժողովն է որոշում, թե ովքեր պետք է լինեն խորհրդի կազմում, և ով պետք է ընտրվի խորհրդի նախագահ: Եթե փաստաբանների մեծամասնությունը մեր այսօրվա գործող օրենսդրության շրջանակներում լիազորություն է տվել անձանց իրենց պարտականություններն իրականացնելու համար, և եթե փաստաբանական համայնքը գոհ է գործող կարգավորումից, ուրեմն փոփոխությունների կարիք չկա:
Ինչպես գիտենք, պալատի նախագահի ընտրությունները տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում, և գործող փաստաբանների մեծամասնությունը իր քվեն տվել է այսօրվա գործող նախագահ Սիմոն Բաբայանին: Նշանակում է, որ փաստաբանները այսօրվա օրենսդրության շրջանակներում նրան այդ մանդատն են տվել՝ պալատը և անհրաժեշտության դեպքում նաև կոնկրետ փաստաբանի ներկայացնելու համար, որքանով, որ դա բխում է օրենքից: Մենք ինչու՞ ենք նոր կագավորումներով նրան այդ մանդատից զրկում, եթե փաստաբանական համայնքը նման խնդիր չի տեսնում: Ասեմ ավելին՝ մեր այսօրվա գործող նախագահը եզակի բարեխղճության հատկանիշներ ունի: Այսինքն՝ այս առումով խնդիր չունենք: Բացի այդ, խորհուրդն ունի ավելի լայն լիազորություններ, օրինակ՝ փաստաբանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելը, պալատի ֆինանսական բյուջեի վերահսկողությունը և այլն: Այսինքն՝ ամենաառանցաքային լուրջ հարցերը լուծող կառույցը Փաստաբանների պալատի խորհուրդն է, և այստեղ նախագահի լիազորությունների կրճատման խնդիր ես չեմ տեսնում:
Ես չեմ կարծում, որ այսօր կառավարումը կոլեգիալ չի: Փաստաբանների պալատի նախագահն ունի այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են փաստաբանական համայնքի գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար: Առանցքային հարցերի առումով պալատի նախագահը չունի այնպիսի լիազորություններ, որոնք կարող են խնդիր առաջացնել: Օրինակ՝ նախագահը չի որոշում փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հարցը: Եթե նման կարգավորում լիներ, կասեի՝ եկեք փոխենք: Նախագահը ներկայացնում է Փաստաբանների պալատը՝ այլ մարմինների հետ հարաբերություններում, և բնական է, որ մեկ հոգի պետք է ներկայացնի, այլ ոչ թե՝ տասնհինգ:
– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։
– Ես գտնում եմ, որ հանրային պաշտպանի այս ինստիտուտը լրացուցիչ երաշխիքներ է ապահովում անձի իրավունքների առումով:
Հանրային պաշտպանի գրասենյակը ֆինանսվորվում է պետության կողմից: Այսինքն՝ անձը ի վիճակի չէ վճարել և իր փոխարեն պետությունն է վճարում, որպեսզի տվյալ փաստաբանը զբաղվի այդ անձի իրավունքների պաշտպանությամբ: Այսօր հանրային պաշտպանի գրասենյակ ընդունվելու համար լրացուցիչ քննություններ են պահանջվում, այնտեղ անընդհատ հսկողական գործառույթ կա: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կա, որը քաղաքացիներից ստացած դիմումներին արագ արձագանքում է, փորձում առաջացած խնդիրները կարգավորել և այլն:
Եթե սկսենք այս ինստիտուտը փոփոխել՝ կարող ենք վնասել այն, բայց չեմ բացառում, որ այստեղ կարող են լինել նաև դրական փոփոխություններ: Ընդհանուր առմամբ այդպիսի միջազգային փորձ կա, որ փաստաբանները առանց վճարի կատարում են անձանց իրավուքների պաշտպանություն, բայց այս դեպքում տվյալ անձը այդ հարցով պետք է դիմի նախընտրելի փաստաբանին: Այսինքն՝ պետք է լինի երկկողմանի համաձայնություն, որ տվյալ փաստաբանը իրեն դիմող անձին պետք է անվճար ներկայացնի: Եթե տվյալ անձը ընտրում է որևէ ոչ հանրային պաշտպան հանդիսացող փաստաբանի, որն իրեն անվճար ծառայություններ է մատուցելու պետք է հաշվի առնի նաև մատուցվող ծառայությունների որակային ռիսկը: Այս մասով կարելի է զարգացնել և լրացուցիչ օրենսդրական կարգավումներ մտցնել: Այսինքն, եթե այս փոփոխության կարգավորման առանձնահատկությունները բավարար չափով մշակվեն, ապա այն կարող ենք նաև դրական փոփոխություն դիտարկել:
– Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։
– Օրինակ՝ նախագծի հեղինակներն ասում են, որ պետք է փաստաբաններին կառավարող ինստիտուտների մեջ ներգրավել նաև փաստաբան չհանդիսացող անձանց: Ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Իրենք ասում են, որ օրինակ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը ձևավորված է միայն փաստաբաններից, որն այս պահին խորհուրդն է: Այստեղ պետք է դիտարկենք, արդյո՞ք այդ խնդիրը կա: Այսօր բավականին բարձր մակարդակի պահանջներ ենք դնում փաստաբանների առջև: Խորհրդի նիստերը ձայնագրվում են և հեռարձակվում: Այսինքն, երբ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց է քննարկվում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ փաստաբանն է միջնորդել, որ դռնփակ անցկացվի այդ գործընթացը, ցանկացած փաստաբան կարող է հետևել գործընթացի թափանցիկությանը և օրինականությանը: Այստեղ ներքին խնդիր չի կարող լինել և այսօրվա երաշխիքները բավարար են:
Ի դեպ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը նաև կարող է բողոքարկվել դատական կարգով: Մենք դեպք ենք ունեցել, երբ փաստաբանը օգտագործել է վիրավորկան բառեր, խորհուրդը որոշել է, որ պետք է պատասխանատվության ենթարկի նման վարքագիծ դրսևորելու համար, բայց նա բողոքարկել է դատարան և դատարանը որոշել է, որ այստեղ կարգապահական խախտում չկա: Այսօր խորհուրդը բավականին խիստ է մոտենում և մեր ներքին բարեխղճությունը բավարար է, որ այս գործող ինստիտուտները կարողանան ապահովել փաստաբանի կողմից հնարավոր վարքագծի չարաշահումը:
Մեզ մոտ, եթե որևէ փաստաբան դուրս գա օրենքով սահմանված իր լիազորությունների սահմանից՝ խորհուրդը անպայման նրան պատասխանատվության կենթարկի: Ամեն դեպքում փորձը դա է ցույց տալիս: Եթե մեր հարգարժան կոլեգաները բերեն այնպիսի դեպքերի օրինակներ, որ եղել են նման դեպքեր, որոնք անպատիժ են մնացել կամ պատասխանատվությունը բավարար չափով չի եղել, կասենք՝ լավ ճիշտ եք, պետք է այլ ինստիտուտների ներգրավվել: Նման խնդիր չունենք, բայց ուզում եք նախարարությունից, ՀԿ-ներից և այլ մարմիններից մեր փաստաբանական համայնք ներգրավեք անձանց, որոնք կմասնակցեն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քննարկմանը: Սա միանշանակ անկախության երաշխիքների նվազում է: Փաստաբանական համայնքը այլևս չի կարողանում մենաշնորհ ունենալ՝ իր ներքին խնդիրների կարգավորման առումով, այն պայմաններում, երբ Փաստաբանների պալատը չի դրսևորել չարաշահումներ և աշխատել է բարեխիղճ: Ես գտնում եմ, որ մենք այս պահին փաստաբանական համայնքն ուժեղացնելու խնդիր ունենք, և օտար կառույցների առերևույթ ներգրավման անհրաժեշտություն չկա:
Իսկ թե ինչ ռիսկեր կան փոփոխությունների իրականացման ճանապարհին՝ կախված է, թե որքանով կմշակվի նախագիծը: Եթե անցումային դրույթները ճիշտ կարգավորվեն ռիսկերը կարող են չեզոքացվել: Մենք դեռ այդ փուլին չենք հասել, այսինքն՝ դեռ որոշում չկա առաջարկվող փոփոխությունները այս ձևաչափով ընդունվելու են թե՞ ոչ: Ես հույս ունեմ, որ նախարարությունը կլսի Փաստաբանների պալատի կողմից հնչեցված դիրքորոշումներն ու այդ ամենը հաշվի առնելով կվերախմբագրի առաջարկվող փոփոխություններն այնպես, որ փաստաբանի անկախությունը ռիսկերի և վտանգների առաջ չկանգնի, որովհետև փաստաբանի անկախությունը ռիսկի տակ դնելով ռիսկի տակ ենք դնելու նաև քաղաքացու պաշտպանությունը: Ինչը կարծում եմ, մեր պետական կառույցները չեն ցանկանում և համոզված եմ, որ նրանք ուզում են ավելի ուժեղացնել պաշտպանվածությունը և մեզ համար չափանիշ որդեգրել այլ երկրների փորձը, որտեղ իրոք քաղաքացին և նրա իրավունքները բարձրագույն արժեք են:
– Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։
– Ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա: Նույնիսկ համոզված եմ, որ չկա նման բան: Ուղղակի այն անձինք, որոնք այս փոփոխությունները առաջարկել են՝ խորությամբ չեն պատկերացրել Փաստաբանների պալատի և փաստաբանների առջև ծառացած խնդիրները: Պետք չէ ցանկացած խնդիր քաղաքականացնել: Պետք է երկխոսության ընթացքում բացահայտել այդ հարցերը և ես համոզված եմ, որ նախարարաությունն այս փաթեթն այնպես է փոփոխելու, որ բոլոր կասկածները կփարատվեն:
Այս փոփոխությունները անձի դեմ ուղղված չեն, այլ ինստիտուտի զարգացման համար է: Կարծում եմ, որ այս նախագծի վերջնական փոփոխություններրը կլինեն այնպիսի փաթեթով, որը ընդունելի կլինի փաստաբանության մեծամասնության համար, չի ոտնահարի փաստաբանի և որպես հետևանք՝ քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը:
Այս պահին, ինչ որ գրված է նախագծում, կարծում եմ, անընդունելի է, բայց նախագծի մեջ կան նաև առանձին կետեր, որոնք դրական են: Ես համոզված եմ, որ այն կփոփոխեն և կհամապատասխանեցնեն փաստաբանության առջև դրված իրական խնդիրներին: Ես հավատում եմ դրան:
Մերի Մնոյան