Փաստաբանական դպրոցի և Փաստաբանների պալատի ղեկավարների կուսակցության անդամակցության արգելքի սահմանումը հակասում է Սահմանադրությանը. Արա Զոհրաբյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրից բխող միջոցառումների ծրագրի 17-րդ նպատակը փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ է։

Թեմայի շուրջ Իրավաբան.net-ը զրուցել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի հետ։

Նշենք, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ռազմավարական ուղղություններից են անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնումը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացումը։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվել այս ոլորտում ու ինչ կփոխի այն հանգամանքը, եթե անվճար իրավաբանական օգնություն ստանան ավելի մեծ շրջանակներ, Արա Զոհրաբյանը պատասխանել է․ «Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության սոցիալ տնտեսական պայմանները հաշվի առնելով, անշուշտ դրական եմ համարում անվճար իրավաբանական օգնություն ստացող շահառուների շրջանակի ընդլայնումը։ Այդուհանդերձ, այդ գործընթացը պետք է կրի երկկողմանի բնույթ և անվճար օգնություն ստացող շահառուների շրջանակի ընդլայնմանը զուգահեռ պետք է համամասնորեն ավելացվի հանրային պաշտպանների քանակը։ Իմ կարծիքով հանրային պաշտպանների քանակը խիստ անհամապատասխան է գործերի քանակի հետ և հանրային պաշտպաններն աշխատում են գերծանրաբեռնված։

Անհրաժեշտ է Հանրային պաշտպանի գրասենյակում ներդնել նյութական խրախուսման մեխանիզմներ, որպեսզի ջանասիրությունը խթանվի»:

Ինչ վերաբերում է անվճար օգնության տրամադրման կառուցակարգերի զարգացմանը՝ մասնագետը հայտնում է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը յուրաքանչյուր հինգշաբթի Փաստաբանների պալատի հետ համատեղ կազմակերպում է ավճար իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիների համար, որը ներառում է նաև գրավոր փաստաթղթերի կազմում։

Ռազմավարությամբ նախատեսված է նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում։  Իրավաբան.net-ի հետ զրույցներում տարիներ շարունակ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փաստել են, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, աշխատավարձը՝ ոչ բարձր։

«Աշխատավարձի բարձրացման հարցի հասցեատերը պետությունն է։ Այո՛, կա տարբերակված մոտեցում: Հանրային պաշտպանի աշխատավարձի չափը հավասարեցված է Երևան քաղաքի դատախազության դատախազի աշխատավարձի չափին, բայց հանրային պաշտպանը չի ստանում նույն դատախազի հավելավճարները, որոնք կախված են նաև աշխատանքային ստաժի հետ: Հանրային պաշտպանը չունի նաև դատախազի սոցիալական երաշխիքները: Այն ժամանակ, և իմ տեղեկությամբ՝ հիմա էլ, Փաստաբանների պալատի ղեկավարությունը փորձում է բարելավել հանրային պաշտպանների վիճակը, սակայն առանց պետության օգնության դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է հանրային պաշտպանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ապա ներդրվել է հանրային պաշտպանների ջանասիրության գնահատման համակարգ, որը հանրային պաշտպաններին միավորներ է տալիս գործերի քանակի, արդյունքի և այլ չափանիշների հաշվառմամբ: Մյուսների համեմատ մեծ ջանասիրություն ցուցաբերած հանրային պաշտպաններն ազատվում են մրցույթից»,-ասաց նա:

Անդրադառնալով ռազմավարության այն կետին, ըստ որի նախատեսվում է նաև փաստաբանական դպրոցի գործունեության զարգացումը՝ Փաստաբանական դպրոցի տնօրենը մանրամասնեց․ «Ի շնորհիվ նախորդ տնօրեն Սիմոն Բաբայանի Փաստաբանական դպրոցը վաղուց արդեն կայացած կառույց է: Տարեց տարի փաստաբանական դպրոցում բարեփոխումներ են իրականացվել: Գնալով և ընդունելության չափանիշները և ուսումնական գործընթացներն ավելի խստացվել են: Վերջին տարիների ընթացքում զարգացել են ՀՀ փաստաբանական դպրոցի մի շարք կարողություններ: Օրինակ, լրացուցիչ դասավանդվում են  «Փաստարկում և ճարտասանություն», ինչպես նաև «Սիմուլյացիոն դատավարության մասնակիցների հոգեբանական վերլուծություն» դասընթացները: Դասընթացի հետազոտման նյութ է հանդիսանում սիմուլյացիոն դատավարության ժամանակ ունկնդրի դրսևորած վարքագիծը՝ խոսքը, կեցվածքը, ձայնային ինտոնացիան, փոխշփումը դատավորի, ինչպես նաև հակառակ կողմի հետ։

Այս պահին մասնավորապես ուսումնասիրում ենք ընդունելության ժամանակ բարեվարքությունը ստուգելու համակարգի կիրառման հնարավորությունը փաստաբանական դպրոցում, ուսումնական ծրագրերն ենք վերանայում, ուսուցման և փորձուսուցման կազմակերպման բարելավման հարցերն ենք դիտարկում կապված համավարակի առկայության հետ։ Մանրամասների և զարգացման ծրագրերի մասին կխոսեմ ապագայում»:

Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում։ Արա Զոհրաբյանի խոսքով՝ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը «կենդանի փաստաթուղթ է», որն անշուշտ ժամանակի պահանջներին համապատասխան պետք է փոփոխվի։

«ՀՀ փաստաբանների պալատը 2019թ․ արդեն իսկ կատարել է փոփոխություններ Փաստաբանի վարքագծի կանոնագրքում՝ ավելի համապատասխանեցնելով այն ժամանակի պահանջներին։ Ինչպես գիտենք իրավական ակտի բացերը ի հայտ են գալիս գործնական կիրառելության ընթացքում, ուստի դեռ վաղ է արձանագրել, թե ինչ բացեր կարող է ունենալ մոտ մեկ տարի կիրառված իրավական ակտը»,-ասաց նա։

Պարբերաբար խոսվում է նաև Փաստաբանների պալատի կառուցվածքի մասին։ Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում և այս համատեքստում Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանական դպրոցի տնօրեն համար կուսակցության անդամակցության արգելք կսահմանվի։

Փաստաբանական դպրոցի տնօրենը կողմ չէ այս փոփոխությանը։

«Այդ մոտեցումը կհակասի ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Սահմանադրությունը հստակ նշում է, թե որ անձանց համար կարող է սահմանափակվել քաղաքական գործունեությունը: Դա վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչնեին, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներին:

Միևնույն ժամանակ, փաստաբանական դպրոցում ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: Սա կրթական համալիր է, որտեղ սովորում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կամ չունեցող ունկնդիրներ: Մեր ունկնդիրների շարքերում կան նաև պետական ծառայողներ, իշխանության ակտիվ համախոհներ, և դա որևէ կերպ չի կարող ազդել ուսումնական գործընթացների վրա: Ավելին, ուսումնական և քննական գործընթացներն այնպես են կանոնակարգված, որ տնօրենը չի կարող սուբյեկտիվ վերաբերմունք դրսևորել:

Իմ տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների միջև օրենքի նախագծի վերաբերյալ կառուցողական քննարկումներ են ընթանում»,-նշում է Արա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել