Գործերի քանակն աննախադեպ ավելանում է, Հանրային պաշտպանների աշխատավարձի չափի խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում․ Գևորգ Մկրտչյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրից բխող միջոցառումների ծրագրի 17-րդ նպատակը փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ է։

Իրավաբան.net-ը թեմայի շուրջ զրուցել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ։

– Պարոն Մկրտչյան, ռազմավարական ուղղություններից են անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնումը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացումը։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այս ոլորտում ու ինչ կփոխի այն հանգամանքը, եթե անվճար իրավաբանական օգնություն ստանան ավելի մեծ շրջանակներ։

– Իհարկե, քաղաքացիների ավելի մեծ շրջանակի անվճար սպասարկումը կարելի է գնահատել հասարակության համար դրական փոփոխություն, սակայն նման փոփոխություն նախաձեռողը, դրան զուգահեռ պետք է նաև գնահատի դրա հետևանքները:

Ակնհայտորեն այն բերելու է Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների զգալի աճի, որը բնականաբար լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջացնի:

Հետևապես, այդ ծավալները նույն թվակազմով սպասարկելու դեպքում այն կնպաստի ոչ թե քաղաքացիների ավելի լայն շրջանակներին որակյալ մասնագիտական օգնություն տրամադրելուն, այլ բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև ընթացիկ գործերի որակի վրա:

Այս համատեքստում՝ անդրառանալով օրենքի նախագծով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրողների ցանկի ընդլայնմանը, հարկ եմ համարում նշել, որ առանձին փաստաբաններին այդպիսի ցանկում ընդգրկելով փաստացի սպասարկվող ծավալի փոփոխություն չի կարող լինել, քանի որ.

– շատ փաստաբաններ մինչ այսպիսի իրավակարգավորումն էլ իրականացրել են անվճար իրավաբանական օգնություն և դրա առկայությունը չէ, որ կարող է բերել մատուցվող անվճար իրավաբանական օգնության ծավալի աճի,

– ամենևին չթերագնահատելով ԲՈՒՀ-երի կազմերում գործող իրավաբանական կլինիկաների կողմից կատարված աշխատանքը՝ սակայն չեմ կարող առնվազն մտավախության չունենալ մատուցվող ծառայության բարեխղճության, ժամկետների և որակի վերաբերյալ, քանի որ դրա նկատմամբ վերահսկողություն Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող ապահովվել, որովհետև օրենքով այդպիսի հնարավորություն առկա չէ, ինչպես նաև՝ իրավաբանական կլինիկաները աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվում ՀՀ փաստաբանների պալատի (կամ Հանրային պաշտպանի գրասենյակի) հետ և, վերջիններիս ուսանողները չհանդիսանալով փաստաբան, որևէ կերպ կաշկանդված չեն փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

– Նախատեսված է նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում։ Մեզ հետ զրույցներում տարիներ շարունակ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փաստել են, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, աշխատավարձը՝ ոչ բարձր։ Ձեր գնահատմամբ, ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։

Չեմ կարող համաձայնել այն պնդմանը, թե Օրենքի նախագծով հանրային պաշտպաննների գործունեության արդյունավետության բարձրացում է ապահովվելու: Ավելին, ինչպես վերը նշեցի, լրացուցիչ ծանրաբեռնավածությունն էլ ավելի է դժվարեցնելու քաղաքացիների ժամանակին և պատշաճ սպասարկումը:

Հանրային պաշտպանների աշխատավարձի չափի խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում, թեպետ գործերի քանակը յուրաքանչյուր տարի աննախադեպ քանակով ավելանում է, ինչը պայմանավորված է, թե շահառուների կատեգորիաների ավելացմամբ, թե Հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետ աշխատանքով, սակայն աշխատավարձի չափը չի փոփոխության չի ենթարկվում:

Հանրային պաշտպանի աշխատավարձի չափը կարգավորվում է օրենքով, այն սահմանված է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով:

Սակայն, ինչպես գիտենք դատախազության ծառայողները ստանում են հավելավճարներ, նաև օգտվում են լրացուցիչ այլ պետական աջակցություններից, որպիսիք հանրային պաշտպաններին չեն տրամադրվում:

– Դուք, որպես Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար, ի՞նչ փոփոխությունների կարիք եք տեսնում այս ոլորտում։

– Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և առաջարկվող ծավալներն առավել արդյունավետ սպասարկելու համար գտնում եմ, որ նախ անհրաժեշտ է ավելացնել հանրային պաշտպանների քանակը և սահմանված աշխատավարձը, քանի որ մասնագիտական մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող փաստաբաններին առաջարկվող պայմաններն այլևս չեն հրապուրում, իսկ վերջիններիս առկայությունը բխում է մեր հասարակության շահերից:

– Ըստ ռազմավարության, նախատեսվում է նաև փաստաբանական դպրոցի գործունեության զարգացումը։ Տեսանելի ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերջին երկու տարիների ընթացքում կամ Դուք ի՞նչ կփոխեիք:

– Ինքս Փաստաբանական դպրոցով չեմ անցել, սակայն մասնագիտական նախանձով եմ վերաբերվել այն փաստաբաններին, ովքեր հնարավորություն են ունեցել այդ դարբնոցով անցնելու, քանի որ վերջիններիս փոխանցվել են նաև պրակտիկ հմտություններ, իսկ այն անձինք ովքեր միայն քննություններով են համալրել փաստաբանների շարքերը ստիպված են եղել երկար ժամանակ տրամադրել տեսական գիտելիքների կիրառմամբ մասնագիտական հմտությունների ինքնուրույն հղկմանը:

Փաստաբանական դպրոցը, թե վերջին, թե դրան նախորդող տարիներին ապահովել է շարունական զարգացում: Նկատելի են Դպրոցի ունկնդիրների մասնագիտական հմտությունների դինամիկ զարգացումը:

Նշվածի կապակցությամբ, բնականաբար ցանկանալի չէ Փաստաբանական դպրոցի ուսումնառությունը շրջանցելու մեխանիզմների ներդրումը, այն համարում եմ հետքայլ:

-Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում։ Ի՞նչ բացեր եք այստեղ Դուք տեսնում։ 

-Իրականում Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարական նպատակի շրջանակներում կառավարությունն անհրաժեշտ է համարել միջոցներ ձեռնարկել անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կառուցակարգերի և Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ զարգացման համար, որոնք ապահովելու համար ընտրված ճյուղերից մեկը 2012 թվականին Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից հաստատված «Փաստաբանների վարքագծի կանոնագիրք»-ի բարելավմանն ուղղված միջոցառումներներն են:

Այս առումով հատկանշական է, որ դեռևս 2019 թվականին Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վերանայվել է Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը և, այն կրկին վերանայելու կարիք չեմ տեսնում:

Իսկ այլ ճյուղերում Օրենքի նախագծով տրված կարգավորումներում, այդ թվում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կառուցակարգերի այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել արձանագրված խնդրի, այն է՝ Հանրային պաշտպանի գրասենյակի բեռնաթափմանը, չի իրականացվել:

Ավելին, լրացվել է հանրային պաշտպանությունից օգտվելու իրավունք ուեցող անձնաց շրջանակը, որի ծանրությունն էլ ավելի կմեծանա 2022 թվականի երկրորդ կեսին նոր Քրեական դատավարության ընթացակարգերի ուժի մեջ մտնելուց հետո:

-Պարբերաբար խոսվում է նաև Փաստաբանների պալատի կառուցվածքի մասին։ Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում և այս համատեքստում Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանական դպրոցի տնօրեն համար կուսակցության անդամակցության արգելք կսահմանվի։ Կո՞ղմ եք այս փոփոխությանը։

-Նշված կարգավորման մասին հնարավոր էր խոսել, եթե այն ուղղակի չհակասեր գործող Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածով սահմանվել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք:

Հատկանշական է նաև, որ Փաստաբանների պալատը և/կամ Փաստաբանական դպրոցի ներկայացնող որևէ անձ երբևէ իր այդ կարգավիճակը չի օգտագործել քաղաքական նպատակներով և այդպիսի կարգովորումն ուղղակի ինքնանպատակ է և որևէ խնդիր չի լուծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել