«Փաստաբանների վեթինգի մասին Գագիկ Ջհանգիրյանի արտահայտած մտքին ծանոթ եմ լրատվամիջոցների հրապարակումներից, և, իմ ընկալմամբ, այդ միտքն արտահայտվել է դատաիրավական համակարգի բարեփոխման կոնտեքստում»․ այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արփինե Եղիկյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին։
«Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»,-նշել էր ԲԴԽ նախագահը։
Փաստաբանը նշեց, որ դատաիրավական համակարգն իրենից ներկայացնում է միմյանց հետ փոխգործակցող տարբեր մասնակիցների՝ իրավապահ, դատական և իրավակիրառ մարմինների և փաստաբանների գործունեության համակարգ: Եվ բնականաբար, դատաիրավական համակարգի բարեփոխում արձանագրելու համար բարեփոխումներ պետք է լինեն այդ համակարգի գործունեությանը մասնակցող կամ աջակցող յուրաքանչյուր առանձին մասնակցի գործունեության ոլորտում:
«Ընդունված է, որ վեթինգը պետական պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման կամ պետական պաշտոնյաների զտման գործընթաց է: Իսկ փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանում է քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։ Հետևաբար՝ դժվար է խոսել փաստաբանների՝ դասական իմաստով վեթինգի մասին»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այնուամենայնիվ, որպես դատաիրավական համակարգում իր կարևոր դերն ունեցող մասնակցի՝ փաստաբանները ևս պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, համապատասխանեն որոշակի չափանիշների, այդ չափանիշներին չհամապատասխանողները պետք է լքեն փաստաբանների շարքերը, փաստաբանների գործունեությունը, վարքագիծը ևս պետք է գնահատման առարկա դառնա:
«Հաշվի առնելով, որ փաստաբանական գործունեության հիմնական շահառուն անձն է, վերջինս նաև փաստաբանի գործունեության առաջին ու, միգուցե, ամենակարևոր գնահատողն է: Սակայն կարող են լինել դեպքեր, որ փաստաբանի և վստահորդի համընկնող «լավագույն փաստաբանական գործունեության» մասին ընկալումները չհամապատասխանեն ընդունելի ու օրենքին չհակասող վարքագծի չափանիշներին»,- ասաց Արփինե Եղիկյանը:
Փաստաբանը նշեց, որ այդ դեպքում անելիք ունեն Փաստաբանների պալատն ու, անհրաժեշտության դեպքում, իրավապահ մարմինները՝ օրենսդրությամբ իրենց վերապահված բավականին լայն գործիքակազմի շրջանակներում:
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք իրավական առումով թույլատրելի է փաստաբանների վեթինգը, ապա, եթե «փաստաբանների վեթինգը» դիտարկենք որպես փաստաբանների և նրանց գործունեության՝ սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման գործիքակազմ, ապա այն արդեն իսկ օրենսդրությամբ ներդրված է»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած գործիքակազմի կատարելագործման անհրաժեշտության դեպքում՝ հարցը պետք է քննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ու կարծիքների հաշվի առմամբ:
Արփինե Եղիկյանը, «փաստաբանների վեթինգը» դիտարկելով որպես փաստաբանների և նրանց գործունեության՝ սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման գործիքակազմ, ասաց, որ նման գործիքակազմի առկայությունն ու կիրառումը ունենում է նախ՝ կանխարգելիչ նշանակություն, և ապա՝ կարող է բացառել սահմանված չափանիշներին չհամապատասխանող անձանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելը:
«Իսկ որպեսզի կարողանալ հստակ պատասխանել, թե ինչի կհանգեցնի «փաստաբանների վեթինգը», պետք է նախ հստակ իմանալ, թե ինչ բովանդակություն է տրվում «փաստաբանների վեթինգ» արտահայտությանը»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ փաստաբանական համայնքը նախ պետք է պարզի՝ ի՞նչ անհրաժեշտությամբ է պայմանավորված «փաստաբանների վեթինգի» մասին քննարկումը, ի՞նչ բովանդակություն է տրվում «փաստաբանների վեթինգ» արտահայտությանը, ներկայացնի իր դիրքորոշումը նման անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ․ «Յուրաքանչյուր դեպքում քայլերի ընտրությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով»։
Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․
«Ընդհանրապես, վստահորդին որակյալ իրավաբանական օգնություն ցույց տալու առումով, օրենքով թույլատրելի նպատակով իրավասու մարմնի հետ հետադարձ կապի ապահովումը դրական, և նույնիսկ պիտանի որակ է:
Սակայն եթե նման կոմունիկացիան իրականացվում է ստվերային համաձայնություններ ձեռք բերելու նպատակով և իր մեջ պարունակում է հակաօրինական արարքի տարրեր, ապա պետք է գործեն նման դեպքերը բացահայտելու, բացառելու և գնահատական տալու իրավասությամբ օժտված մարմինները՝ անկախ երևույթի տարածվածության աստիճանից»:
Խոսելով որոշ մասնագետների այն պնդումների մասին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, Եղիկյանն ասաց, որ միությունների քանակը խնդիրների լուծում երաշխավորել չի կարող, քանի որ առանց պատշաճ վերահսկողության ու պատասխանատվության գործուն մեխանիզմների՝ առկա խնդիրները նույնությամբ կարող են առկա լինել նաև մի քանի միություններում:
«Հետևաբար՝ խնդիրները, եթե այդպիսիք կան, լուծելու համար անհրաժեշտ է վերհանել օբյեկտիվ պատճառները, ներդնել դրանք բացառող մեխանիզմներ, հասարակության ու բոլոր փաստաբանների մոտ արմատավորել այն գիտակցումը, որ Փաստաբանը կոչված է ծառայել միայն արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնց պաշտպանությունը վստահել են իրեն»,- նշեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Լուսինե Հակոբյան