Ծագում է իրավաչափ հարց` ինչի՞ն կամ ու՞մ է ծառայելու փաստաբանների վեթինգ ասվածը․ Արմինե Ֆանյան

«Տարակուսելի է, որ դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու գաղափարը տապալած անձինք այժմ էլ խոսում են փաստաբանական ինստիտուտը վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին»,- այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին։

«Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»,-իր խոսքում նշել էր ԲԴԽ նախագահը։

Ֆանյանը նշեց, որ անկախ փաստաբանությունը քաղաքացիական հասարակության այն ինստիտուտներից է, որը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք։ Եվ պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, սահմանադրաիրավական երաշխիքի մակարդակի բարձրացվեց անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը։

«Առնվազն տարակուսելի են պետական պաշտոնատար անձանց կողմից իրավական հիմք չունեցող հայտարարությունները՝ կապված պետական ապարատի որևէ օղակի մեջ չմտնող անկախ փաստաբանական գործունեության նկատմամբ։ Տարակուսելի է նաև այն, որ դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու գաղափարը տապալած անձինք այժմ էլ խոսում են փաստաբանական ինստիտուտը վեթինգի ենթարկելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա։

Վերջինս նշեց, որ եթե վեթինգի անհրաժեշտությունը պարոն Ջհանգիրյանը կապում է առանձին փաստաբանների կողմից պաշտոնատար անձանց հետ հեշտ կոմունիկացվելու հետ, ապա հարկ է նշել, որ դա կարող է հանցագործության հատկանիշներ պարունակել և վեթինգը չէ, որ պետք է հանցավորության դեմ պայքարի գործիք լինել։

«Կարծում եմ, որ նման գործընթացի գաղափարակիցները հստակ պատկերացում չունեն փաստաբանական գործունեության երաշխիքների, քաղաքացիական հասարակության մեջ այդ ինստիտուտի դերի մասին։ Մի կողմից պետությունը երաշխավորում է անկախ փաստաբանական գործունեությունը, մյուս կողմից այդ անկախությունը զսպող հակակշիռներ են հորինվում»,- նշեց նա։

Փաստաբանի կարծիքով՝ Գագիկ Ջհանգիրյանի այդ հայտարարությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ փաստաբանական ինստիտուտը ոչ միայն կայացած է, այլ նաև հավատարիմ է իր գործունեության իրավապաշտպան բնույթին։ Նրա խոսքով՝ հավանաբար դա որոշ պաշտոնատար անձանց դուրեկան չէ։

«Փստաբանների վեթինգը, իմ համոզմամբ, ուղղակի միջամտություն է փաստաբանական գործունեությանը։ Հիշեցման կարգով նշեմ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը»,- ասաց Ֆանյանը:

Նա նաև նշեց, որ նման երաշխիքների առկայությունը բոլորովին չի նշանակում, որ փաստաբանը որևէ կերպ կաշկանդված չէ իր գործունեությունն իրականացնելիս։ Փաստաբանի վարքագծի սահմանները հստակ գծված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և Փաստաբանի վարքագծի կանոնագրքում, և ընգծված սահմաններից անցնելը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև արտոնագրի գործողության դադարեցման։ «Այստեղից ծագում է իրավաչափ հարց․ այդ դեպքում ինչի՞ն կամ ու՞մ է ծառայելու փաստաբանների վեթինգ ասվածը»,- ասաց նա։

Արմինե Ֆանյանն ասում է՝ փաստաբանական համայնքը բազմիցս ապացուցել է, որ ինստիտուցիոնալ հարցերում արագ համախմբվում և ինքնակազմակերպվում է։

«Մենք նման սպառնալիքների չէ, որ դիմակայել ենք, հետևապես, եթե իշխանությունը որոշի նման միջամտություն իրականացնել փաստաբանական գործունեությանը, ապա կարծում եմ՝ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը խնդրին հրավիրելով՝ կդիմենք համապատասխան գործիքակազմի»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, նա ասաց․

«Չեմ կարող հերքել կամ հաստատել նման պնդումը։ Սակայն, առնվազն անլուրջ եմ համարում առանց փաստերի, նման պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարձր վարկանիշ ունեցող փաստաբաններին նման որակումներ տալը, մանավանդ հաշվի առնելով այն, որ հայտարարություն անողն էլ իրավաբանական կրթություն ունի և հստակ հասկանում է, առանց փաստերի պնդում անելու գինը։ Դա առնվազն անպտուղ գործընթաց է»։

Ֆանյանը կարծում է, որ գոյություն ունեցող կանոնակարգումները, փաստաբանի էթիկայի շրջանակը կանխորոշող վարքագծի կանոնները, Պալատի խորհրդի լիազորությունները լիովին բավարար են փաստաբանի կոչմանը համահունչ օրինական գործունեություն ծավալելու համար։ Իսկ եթե որևէ անձի կամ անձանց արարքում կլինեն հանցագործության հատկանիշներ, ապա այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները։ Վեթինգը չի կարող տարածվել փաստաբանական գործունեության նկատմամբ։

Խոսելով որոշ մասնագետների այն պնդումների մասին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, Արմինե Ֆանյանն ասաց, որ առանձին փաստաբանական միությունների ստեղծման գաղափարը գոյության իրավունք ունի միայն այնպիսի երկրներում, որտեղ բնակչության թվաքանակը բավականին մեծ է և կենտրոնացված մեկ պալատի գործունեությունը չի կարող ապահովել փստաբանական գործունեության երաշխիքները։

«Մեր երկրում փաստաբանական համայնքը որոշել է միավորել գոյություն ունեցող միությունները և ստեղծել մեկ միասնական Պալատ՝ իր գործադրի մարմնով։ Կարծում եմ՝ տարիներ առաջ կայացված որոշումը ժամանակի ընթացքում ապացուցեց իր արդյունավետությունը, քանի որ տարեցտարի ականատես ենք լինում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը»,- եզրափակեց Հանրային պաշտպանի գրասնեյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել