«Անհասկանալի է, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից փաստաբանները կարող են ենթարկվել վեթինգի»,- այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին։
«Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»,-իր խոսքում նշել էր ԲԴԽ նախագահը։
Մարատ Ատովմյանը նշեց, որ քննարկմանը, որտեղ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հնչեցրել է, հրավիրված չի եղել և փաստաբաններին վեթինգի ենթարկելու գաղափարի մասին տեղեկացել է ԶԼՄ-ից:
«Տեղյակ չեմ, թե արդյոք այդ գաղափարի հեղինակները ունեն հստակ տեսլական կամ ծրագիր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում փաստաբանների վեթինգը և ինչպե՞ս, ո՞ւմ կողմից և ի՞նչ ժամկետներում այն պետք է իրականացվի: Կարծեմ՝ 2018 թվականին դարձյալ խոսվում էր դատավորների վեթինգի մասին, բայց գործընթացը հիմնականում մնաց խոսակցության մակարդակով: Եթե չհաշվենք դատարանների և որոշ դատավորների դեմ ուղղված որոշակի գործողությունները, որոնք դժվար թե կարելի է դիտարկել որպես դատական համակարգի բարեփոխմանը միտված քայլեր»,- նշեց փաստաբանը:
Վերջինիս խոսքով՝ վեթինգը զտման գործընթաց է, որը ուղղված է պետական և քաղաքական գործիչների դեմ, որի ընթացքում իրականացվում են հետաքննություններ՝ պարզելու, թե արդյո՞ք պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, իրենց գործունեությունն իրականացնելիս չարաշահե՞լ են իրենց պաշտոնական դիրքը, թե՝ ոչ: «Եթե հիմք ենք ընդունում այս գաղափարը, ապա անհասկանալի է, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից փաստաբանները կարող են ենթարկվել վեթինգի»,- ասաց նա:
Ատովմյանը հարց է հնչեցնում՝ արդյո՞ք փաստաբանների վեթինգ ասելով ի նկատի ունեն այն փաստաբաններին, որոնք կարող են ներքաշված լինել կոռուպցիոն գործարքների մեջ կամ բարեխղճորեն չեն ներկայացնում իրենց վստահորդների օրինական շահերը:
«Նշեմ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլուխը նվիրված է փաստաբանի պատասխանատվությանը: Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության նշված օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ Փաստաբանների պալատի խորհուրդն է կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինը:
«Արդյո՞ք պետք է ենթադրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառող մարմինը պետք է լինի պետությունը, այլ ոչ թե Փաստաբանների պալատը: Եթե այո, ապա այդ գաղափարը անընդունելի է հենց փաստաբանի անկախության տեսակետից: Վարչական և քրեական գործերով փաստաբանը հանդես է գալիս ընդդեմ պետության: Օրինակ, հենց այս պահին ես ունեմ աշխատանքից ազատման վերաբերյալ ՀՀ վարչական դատարան ներկայացված մի շարք հայցեր, որոնցով պատասխանողը պետական կառավարման տարբեր մարմիններն են»,- նշեց նա:
Մարատ Ատովմյանը կարծում է, որ թեմայի վերաբերյալ պետք է մասնագիտական քննարկում ծավալվի փաստաբանական համայնքի և շահագրգիռ պետական մարմինների միջև, որպեսզի չընդունվի բացասական հետևանքների հանգեցնող հերթական օրենք:
«Առհասարակ, արդյունավետ հանրային կառավարման տեսակետից շատ կարևոր է, որ փոխհամաձայնություն ձեռք բերելու նպատակով պետությունն ու քաղաքացիական հասարակությունը փոխգործակցեն, հանդես գան որպես գործընկերներ, որպեսզի պետությունում որոշումների կայացման գործընթացը քաղաքացիական հասարակության համար լինի մասնակցային և ներառական»,- ընդգծեց նա
Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․
«Կարծում եմ, որ այստեղ պետք է հստակեցնել, թե որ երևույթի մասին է գնում խոսքը: Եթե փաստաբանը դառնում է կաշառքի միջնորդ իր վստահորդի և դատավորի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, ապա դա դատապարտելի է և քրեորեն պատժելի, եթե փաստաբանը «գրպանային փաստաբան է» դատավորի կամ իրավապահ մարմնի ներկայացուցչի համար, ապա դա փաստաբանի վարքագծի կանոնագրքով ամրագրված սկզբունքների խախտում է, քանի որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքին ճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա»։
Նա նշեց, որ փաստաբանը պետք է խուսափի իր անկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանք չհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչ վիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։ Մեկ այլ, անխուսափելի, երևույթ է, երբ փաստաբանը ծանոթ է դատավորին կամ քննիչին, քանի որ նախկինում տարբեր գործերով առնչվել են, սակայն այդ ծանոթությունը չի ազդում դատավորի, քննիչի, փաստաբանի անկախության և մասնագիտական բարեխղճության վրա:
Ատովմյանը ևս մեկ անգամ նշեց, որ կարելի է մասնագիտական քննարկում իրականացնել, թե ինչպե՞ս բարձրացնել փաստաբանների արհեստավարժությունն ու մասնագիտական բարեխղճությունը, բայց պետք չէ դա կոչել փաստաբանների վեթինգ:
Խոսելով որոշ մասնագետների այն պնդումների մասին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, փաստաբանն ասաց․
«Չեմ համարում, որ փաստաբանական տարբեր միությունների ստեղծումը կհանգեցնի փաստաբանական ինստիտուտի բարեփոխումներին: Ընդգծեմ, որ ժամանակին եղել են տարբեր փաստաբանական միություններ, սակայն հետագայում այդ ձևաչափը համարվեց անարդյունավետ և ձևավորվեց մեկ միասնական պալատ»,-ասաց փաստաբանը:
Լուսինե Հակոբյան