Փաստաբանների վեթինգը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել․ Գայանե Դեմիրչյան

«Նախ այդպես էլ անհասկանալի է՝ ինչ ասել է վեթինգ, մյուս կողմից՝ արդյո՞ք դատական համակարգի վեթինգը գրանցեց հաջողություններ կամ առհասարակ իրականություն դարձավ: Ես գտնում եմ, որ իրավական համակարգն առհասարակ ունի բարելավման և «մաքրման» կարիք, սակայն փաստաբաններն այդ համակարգում գլոբալ առումով վերջինը կարող են լինել»,- այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գայանե Դեմիրչյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին։

Դեմիրչյանը նշեց, որ փաստաբանների վեթինգը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել: «Նախ՝ փաստաբանությունն ինքնին անկախ և ազատ մասնագիտություն է և պետական լծակների գործադրումը կարող է խաթարել առաջին հերթին հենց այդ անկախությունը, փաստաբանին դիմելով յուրաքանչյուրն ակնկալում է անկաշկանդ պաշտպանություն, և եթե պետության ազդեցությունը/հսկողությունը մեծանա փաստաբանի նկատմամբ, հնարավոր է պակասի փաստաբանի հանդեպ վստահությունը՝ տպավորություն ստեղծելով, որ փաստաբանը պետության աշխատողն է»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց՝ հատկանշական է այն, որ փաստաբանության ձևավորման սկզբնական փուլում այդ խնդիրը եղել է, հատկապես քրեական ոլորտում, երբ մարդիկ կարծել են, որ փաստաբանը քննիչի, դատախազի կամ դատավորի հետ է գործում:

«Վերջին 10 տարիների ընթացքում միանշանակ կարող եմ ասել, որ այս խնդիրը հիմնականում հաղթահարվել է, քանի որ փաստաբանի նկատմամբ վստահությունը հասարակության մեջ բավականին բարձր է»,- ասաց նա:

Գայանե Դեմիրչյանը լիահույս է, որ պետությունը չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կլինեն փաստաբանության անկախությունը և ազատությունը սահմանափակող կամ կաշկանդող: «Այդուհանդերձ, եթե նման քայլերի գնա, մեզ ոչինչ չի մնալու քան միասնական պայքարը»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․ «Նորից չկրկնվեմ, կարծում եմ՝ այդ խնդիրը կար, միգուցե հիմա էլ կա, բայց հաստատ այն չափերի չէ, որ ստիպի պետությանն այս մասով ռեսուրս վատնել։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի փաստաբանների մասով վեթինգը պետք է ամենավերջում դիտարկել»:

Վերջինիս խոսքով՝ երբ պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը կիրականացնի՝ մաքրելով պետական ապարատն արատավոր երեևույթներից, փաստաբաններն իրենք իրենց կզտվեն: Նա նշեց, որ այսօր պետությունն ունի բոլոր լծակները՝ կոռուպցիան բացահայտելու և դրա դեմ պայքարելու համար․ «Ու՞մ կամ ինչի՞ են սպասում, թող գործեն: Իսկ եթե լավ չի ստացվում, թող խնդիրներն իրենց մեջ փնտրեն՝ վատ կադրեր, սխալ մարտավարություն, ոչ կոմպետենտ մասնագետներ, և այլն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ավելի քան համոզված է, որ այս մասով բարեփոխումներից հետո փաստաբաններին հերթ չի հասնի:

Դեմիրչյանն ասում է՝ վեթինգի փոխարեն այս պահին էլ կան համապատասխան մեխանիզմներ, մասնավորապես, փաստաբանների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթները, որը բավականին արդյունավետ միջոց է:

Խոսելով որոշ մասնագետների այն պնդումների մասին, որ եթե վեթինգը փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների հիմք է, ապա այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, փաստաբանն ասաց, որ միությունների ձևավորմանը միշտ դեմ է արտահայտվել և կարծում է՝ մի պալատի առկայությունը ճիշտ է:

«Պետք է այս մասով կատարել բարեփոխումներ, որոնք կնպաստեն պալատի և փաստաբանական դպրոցի ապաքաղաքականացմանը և կառավարման մարմինների առավել բաց, թափանցիկ և ազատ ընտրությունների կազմակերպմանը»,- ընդգծեց փաստաբան Գայանե Դեմիրչյանը:

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել