Ես լավատես եմ և ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատարի այդ մտքին լուրջ չեմ վերաբերվում․ Կարեն Մեժլումյան

Ես լավատես եմ և ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատարի այդ մտքին լուրջ չեմ վերաբերվում:  Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

Կարեն Մեժլումյանը նշեց, որ Փաստաբանների պալատի նախագահը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի այդ հայտարարության մասին, որը նա կիսում է։

«Ամեն դեպքում նշեմ, որ փաստաբանությունը, որպես ինստիտուտ, բարձրացված է սահմանադրական մակարդակի և Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորվում է փաստաբանության անկախությունն ու ինքնակառավարումը:

Փաստաբանական գործունեությունն, իր հերթին, օրենքի ուժով համարվում է իրավապաշտպան գործունեություն: Բարձրագույն դատական խորհուրդը պետական մարմին է, և այդ պետական մարմնի ղեկավարի լիազորություններն իրականացնող անձը չի կարող և չպետք է իրեն թույլ տա խոսել փաստաբանների վեթինգի մասին»,- ասաց փաստաբանը:

Մեժլումյանի խոսքով՝ այնուամենայնիվ, եթե նման փորձ կատարվի, ապա այն միանշանակ կգնահատվի որպես փաստաբանների անկախության դեմ ուղղված ոտնձգություն, և այդ ոտնձգությունը նախաձեռնողների համար վատ հետևանքների կհանգեցնի:

«Եթե պետական մարմինները փաստաբանների վեթինգին ուղղված քայլեր ձեռնարկեն, ապա փաստաբանական համայնքը միանշանակ դրա պատասխանը կտա, ինչպես իրավական դաշտում, այդպես էլ հանրային ճնշման այլ միջոցներով»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է նրանով, որ այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․ «Երբ Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազ էր, հնարավոր է այդ խնդիրը կար, քանի որ այդ ժամանակ կային նաև, այսպես կոչված, «գրպանի փաստաբաններ», որպիսի երևույթը հանրային պաշտպանի ինստիտուտի ստեղծմանն ու զարգացմանը զուգահեռ վերացել է»:

Վերջինս նշեց նաև, որ եթե «կոմունիկացման» ակնարկը որոշ փաստաբանների և իրավապահների ու դատավորների հնարավոր կոռուպցիոն բնույթի կապի մասին է, ապա վերջին 5-6 տարիներին հնարավոր կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են և, եթե այդպիսի հատ ու կենտ դեպքեր էլ լինում են, ապա կոռուպցիայի յուրաքանչյուր դեպքով պետք է իրավապահները զբաղվեն, այլ ոչ թե փաստաբանները պետք է վեթինգի ենթարկվեն:

Կարեն Մեժլումյանն առաջարկում է մոռանալ փաստաբանների վեթինգի մասին․ «Ոչինչ էլ պետք չի կիրառել, փաստաբանությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է, և որևէ միջամտության օբյեկտիվ անհրաժեշտություն չկա»:

Խոսելով փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների համատեքստում մի շարք մասնագետների այն պնդումների մասին, որ այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, փաստաբանն ասաց, որ Փաստաբանական մեկ պալատը մի քանի միությունների բաժանելն ակնհայտորեն կթուլացնի փաստաբանությունը և կհեշտացնի ճնշումները փաստաբանների նկատմամբ:

«Մի պատմական ակնարկ անեմ. Խորհրդային ժամանակներից Հայաստանում գործում էր Փաստաբանների կոլեգիան: 1998թ-ին ընդունվեց Փաստաբանական գործունեության մասին օրենքը, որից հետո ստեղծվեցին փաստաբանների երեք միություններ: Միգուցե այդ ժամանակ դրա անհրաժեշտությունը կար: Փաստաբանությունը զարգացում ապրեց և հենց փաստաբանների մոտ անհրաժեշտություն առաջացավ (վարքագծի միասնական կանոնների, կարգապահական պատասխանատվության մեկ մարմնի, որակավորման քննության միևնուն չափանիշների, պետական մարմինների ճնշումներին միասնական դիմակայելու անհրաժեշտություն և այլն), որպեսզի ստեղծվի փաստաբանական մեկ կառույց: 2004թ-ին ընդունվեց Փաստաբանության մասին օրենքը, որից հետո էլ ստեղծվեց Փաստաբանների պալատը, որն էլ հիմք դրեց փաստաբանության ինստիտուտի է՛լ ավելի զարգացմանն ու հզորացմանը»,- եզրափակեց Կարեն Մեժլումյանը:

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել