Բա սա կուրիոզ չի՞․ Հայկ Ալումյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության մասին

Դուք լսե՞լ եք, որ վեթինգի մասին խոսողներից մեկնումեկը կարողանա վեթինգի սահմանումը տալ կամ գոնե ասել, թե ըստ իրենց՝ ի՞նչ է նշանակում վեթինգ, ի՞նչ նկատի ունեն՝ ասելով վեթինգ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

Նա նշեց, որ մինչև հիմա չի հանդիպել որևէ բանախոսի, ով խոսի վեթինգի մասին և կարողանա վեթինգի սահմանումը տալ։ Ալումյանն ասում է՝ եթե մինչև հիմա հնարավոր չի եղել ասելու, թե պետության անունից խոսողներն ինչ են նկատի ունեցել վեթինգ ասելով, ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այդպիսի խոսքը։

«Նստած 20-30 հոգով քննարկում են վեթինգի անհրաժեշտությունը, թե ում է պետք ենթարկել վեթինգի, ում ոչ մի դեպքում չի կարելի ենթարկել վեթինգի, բայց այդ 30 հոգուց ոչ մեկը չգիտի, թե վեթինգ ասելով՝ ի՞նչ է հասկանում մյուս բանախոսը։ Բա սա կուրիոզ չի՞, բա այս կարգի խոսակցությունները ո՞նց կարելի է մեկնաբանել։ Այսինքն՝ նախևառաջ պետք է հասկանալ վեթինգն ինչ է»,- նշեց փաստաբանը։

Չնայած իր այս կարծիքին՝ Հայկ Ալումյանն ընդհանուր բնույթի նկատառում արեց՝ ասելով, որ յուրաքանչյուր մեկը, որ խոսում է փաստաբանների կամ փաստաբանության մասին, թող պատկերացնի, որ ինքը խոսում է իր ապագա փաստաբանի մասին։

«Երբ ասում են՝ փաստաբաններին այս արեք, փաստաբաններին այն արեք, փաստաբաններին զրկեք այսինչ բանից, փաստաբաններին տվեք այնինչ բանը, իրենք պիտի հասկանան, որ խոսում են իրենց ապագա փաստաբանի մասին, որովհետև շատ շուտով նրանցից յուրաքանչյուրը կարիք է ունենալու փաստաբանի»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է նրանով, որ այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, Ալումյանն ասաց․ «Այդ կոմունիկացվելու հարցում իրանից լավ ոչ ոք չի իմանա, դա իրեն հարցրեք»։

Խոսելով փաստաբանական ինստիտուտի բարեփոխումների համատեքստում մի շարք մասնագետների այն պնդումների մասին, որ այդ ռեֆորմացիան կարելի է իրականացնել մեկ պալատը բաժանելով միությունների, փաստաբանն ասաց․

«Փաստաբանական ինստիտուտի ռեֆորմների հարցում մենք երկար ճանապարհ ենք անցել։ Ամենասկզբում՝ ընդհուպ մինչև 1997 թվականի վերջ, 1998 թվականի սկիզբ, կար ընդամենը մեկ փաստաբանական կառույց, որը կոչվում էր Փաստաբանների կոլեգիա։ Շատ տարբեր հիմնավորումներից ելնելով, բավականին խորը վերլուծությունների հիման վրա՝ իշխանություններն եկան այն կարծիքին, որ անհրաժեշտ է փաստաբանական մասնագիտական կառույցները չսահմանափակվեն մեկով»։

Վերջինս նշեց, որ այդ գործընթացը սկսվեց 1998 թվականին, և այդ ժամանակ 50 և ավել փաստաբաններ կարող էին ստեղծել նոր միություն, որի արդյունքում Հայաստանում ձևավորվեց երեք փաստաբանական միություն։ Ալումյանի խոսքով՝ այդ օրենքի կարգավորումը բավականին երկար գործեց ու ուներ շատ դրական կողմեր, բայց, ի վերջո ցույց տվեց, որ ավելի գերադասելի է մեկ փաստաբանական միավորման մոդելը։

«Նորից վերադարձան փաստաբանական մեկ միավորմանը՝ Փաստաբանների պալատին։ Հիմա նորից խոսակցություններ են գնում, որ ավելի լավ էր այն տարբերակը, երբ մեկ մասնագիտական կառույց չէր, այլ մի քանիսն էին։ Ամեն անգամ այս մասին խոսողները չեն նայում հին փորձը, հասկանան՝ այն ժամանակ, երբ որ դա կար, ինչու՞ որոշվեց հրաժարվել դրանից։ Եթե նրանք այդ ամեն ինչը վերլուծեին, դրանից հետո ասեին, որ այս ամբողջ փորձը հաշվի առնելով՝ այնուամենայնիվ ավելի լավ էր այն ժամանակ, երբ մի քանի կառույց կար, դա կարելի էր քննարկել, բայց իրենք միգուցե նույնիսկ չգիտեն, որ այդպիսի բան եղել է»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այդ գաղափարի աջակիցները ասում են այդ նույն մտքերը, կարգախոսները, ինչ որ 1998 թվականին ուրիշ մարդիկ էին ասում, որոնք որոշեցին մի քանի կառույցից անցնել մեկ կառույցի։

«Այս նույն բաները մենք լսել ենք 1997 թվականին Դավիթ Հարությունյանից, նա էր ջատագովը, որ ասում էր՝ պետք չէ մեկ փաստաբանական կառույց, պետք են մի քանի փաստաբանական կառույցներ, որ լինի մրցակցություն և այլն։ Հիմա բավականին երկար ժամանակ այդ մոդելն աշխատեց, հետո տեսան՝ դա չի արդարացնում, անցան մեկ կառույցին։ Այս մարդիկ, որ հիմա են այս միտքը առաջ քաշում, նույն բաներն են ասում, ինչ որ 1997 թվականին Դավիթ Հարությունյանն էր ասում։ Հասկանալի է, ցանկացած գաղափար միշտ էլ իր կողմնակիցներն ունի, բայց գոնե հիմա կարելի է նայել չէ՞, երբ այն ժամանակ այդ միտքը հնչում էր, երբ այդ մոդելն ընդունվեց, ինչու՞ իրեն չարդարացրեց»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ինքը ժամանակին մի քանի միության գաղափարի կողմնակիցն է եղել, հետո, երբ տեսել է երկու մոդելից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, հանգել է նրան, որ մեկ միության մոդելը մի փոքր շատ առավելություններ ունի, քան այն մոդելը, կամ միգուցե մի փոքր քիչ թերություններ ունի, քան մի քանի միությունների մոդելը։

«Բայց չի նշանակում, որ սա անթերի է․ երկու մոդելներն էլ ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- եզրափակեց փաստաբանը։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել