Ինչո՞վ են փաստաբաններն ավելի լավը դատավորներից. Գևորգ Գյոզալյանը՝ վեթինգի մասին

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում փաստաբաններին վեթինգի ենթարկելու մեջ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ օրեր առաջ ունեցած ելույթում, տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

«Եթե փաստաբանները վախենալու բան չունեն, թող ենթարկեն, թող սկսեն ինձանից, բացարձակ խնդիր չեմ տեսնում: Այս ժամանակներին համահունչ է, երբ հանցագործին բռնում են, ասում է՝ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում։ Դուրս է գալիս, որ փաստաբաններին ինչ-որ մի բան են անում, նրանց անկախությանն է սպառնում: Ունենք բազմաթիվ փաստաբաններ կամ որոշ փաստաբաններ, որոնք ահռելի կարողությունն են կուտակել ինչ-որ ստվերային պայմանավորվածություններով»,-նշեց փաստաբանը` հավելելով, որ դա բացարձակ չի վնասի փաստաբանների անկախությանը:

Փաստաբանի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ դրա դեմ է պայքարել. «Երբ մենք գիշերները լուսացնում էինք հատորներ կարդալով, որոշ փաստաբաններ, առանց որևէ պրոֆեսիոնալիզմի, շատ կասկածելի պայմաններում դատեր էին հաղթում: Եվ այո՛, թող հետաքննվի, թող պարզվի, եթե կա նման բան, թող բացահայտվի: Բացահայտվի ստվերային կապը դատավորի հետ, բացահայտվի կոնկրետ, եթե փաստաբանը ահռելի կարողություն է կուտակել և չի կարողանում ողջամտորեն բացատրել, թե այդ կարողությունները ինչպես է նա ձեռք բերել, թող դա էլ բացահայտվի: Ինչո՞վ են փաստաբաններն ավելի լավը դատավորներից»:

Գևորգ Գյոզալյանն այս որոշումը չի կապում Փաստաբանների պալատի նախագահի վերջին ընտրությունների հետ:

«Փաստաբանների դպրոցի տնօրենը գնում դառնում է Փաստաբանների պալատի նախագահ, իսկ պալատի նախագահը դառնում է դպրոցի տնօրեն: Այսինքն, մենք մեր խնդիրները թողած մտածում ենք՝ իշխանությունները թիրախավորել են Փաստաբանների պալատը: Ես ինձ օտարացած եմ զգում այդ պալատից, ամբողջությամբ: Հայտնի քաղաքական զույգ կա, որ մեկը նախագահ է դառնում, մեկը վարչապետ, այսպես շարունակ իշխում են: Հիմա այդ նույն վիճակը Փաստաբանների պալատում է, թող պալատը նախ և առաջ սրա մասին մտածի»-ասաց նա:

Փաստաբանը կողմանկից է, որ Փաստաբանների պալատի մի քանի միավորում լինի, և ընտրություններից հետո սպասում է և հույս ունի, որ դա կլինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել