Վեթինգի հետևանքով փաստաբանների անկախությունը կսահմանափակվի։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Գևորգյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։
Գայանե Գևորգյանը նշեց, որ փաստաբանները պարբերաբար և պարտադիր տարեկան վերապատրաստումներ ունեն, փաստաբանների համար պարտադիր է նաև, որ դատական գործընթացներին ներգրավվելիս նոր իրավական ակտերը ներկայացնեն․ «Բարեվարքության տեսանկյունից տեղեկացնեմ, որ հատկապես վերջին շրջանում տարիքով փաստաբանները կամ աշխատանքից դուրս են եկել, կամ արդեն չկան, ու հիմնականում գործում են նոր փաստաբաններ։ 2012 թվականից սկսած՝ փաստաբանների դպրոցը տարեկան 2 անգամ շրջանավարտներ է տվել։ Իսկ փաստաբանական դպրոցն ավարտելը կամ որակավորման քննությունը հաղթահարելը բավականաչափ բարդ է։ Ուստի՝ վեթինգի անհրաժեշտություն կա, սակայն շատ քիչ թվով փաստաբանների նկատմամբ է պետք կիրառել այն»։
Նրա խոսքով՝ կան փաստաբաններ, որոնց գործելաոճը, կարծես, պետական մարմինների կողմից թելադրված լինի, և ձևական բնույթով ներգրավված լինեն գործերին, բայց 10-ից 1-ը կարող է լինել այդպիսին։ Գայանե Գևորգյանի համոզմամբ՝ վեթինգը հնարավոր չի լինի իրականացնել բացառապես վերջիններիս հանդեպ, այլ ամբողջ փաստաբանական համայնքը կմասնակցի այդ գործընթացին․ «Եվ կստացվի, որ համայնքի մեկ կամ շատ փոքր թվով ներկայացուցիչների պատճառով ամբողջ համայնքը կարող է ցնցում ապրել»,- ասաց նա՝ հավելելով, որ վեթինգի իրականացումը կկաշկանդի փաստաբանների գործունեությունը։
Գայանե Գևորգյանն ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ վերջին մեկ տարվա ընթացքում փաստաբանների վերապատրաստումները հիմնականում առցանց տարբերակով են ընթանում, և որոշ փաստաբաններ գրանցվում, միանում են դասընթացին, բայց չեն մասնակցում։
«Սա, իհարկե, իր բացասական հետևանքը կթողնի։ Եվ եթե լինի վերահսկողություն, այն կարող է խթան դառնալ, որ ոչ մի փաստաբան պարզապես չմիանա, այլ իրոք մասնակցի դասընթացներին։ Բայց նորից նշեմ, որ շատ քիչ թվով մարդիկ են նման կերպ վարվում»,- ասաց նա։
Վերջինիս կարծիքով՝ փաստաբանական համայնքը հետապնդման է ենթարկվում դատական և պետական մարմինների կողմից։
«Շատ դեպքերում մեր իրավունքներն արդեն իսկ սահմանափակել են, օրինակ, փորձում են չտրամադրել տեղեկատվություն, իսկ դա գործելու առումով մեզ համար բավականին լուրջ խնդիր է․ տվյալները և փաստերը պետք է հավաքի նաև փաստաբանը, որ կարողանա իրականացնել իր պաշտպանյալի կամ վստահորդի իրավունքների պաշտպանությունը»,- նշեց նա։
Հարցին՝ եթե իրականություն դառնա փաստաբանների վեթինգը, փաստաբանական համայնքն ինչ քայլեր պետք է ձեռնարկի, Գայանե Գևորգյանն ասաց, որ պետք է փորձել հասնել նրան, որ որևէ այլ իրավական ակտով պաշտպանության մեխանիզմները կամ երաշխիքներն ավելանան։
Չնայած մի խումբ փաստաբանների այն պնդմանը, որ եթե վեթինգը բարեփոխման հիմք է, ապա կարելի է բարեփոխում իրականացնել նաև միությունների ձևավորման միջոցով, Գայանե Գևորգյանը կարծում է, որ դա արդյունավետ տարբերակ չէ։
Լուսինե Հակոբյան