Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է ընկալվում «փաստաբանների վեթինգ» ասվածի տակ․ Տիգրան Եգորյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարության մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս ելույթ էր ունեցել՝ տեսակետ հայտնելով փաստաբանների վեթինգի մասին։

Թեմայի շուրջ Իրավաբան․net-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։

«Ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել նրա վրա, որ նախորդ երեք տարիների ընթացքում այդ «վեթինգ» բառի կապակցությամբ մի այնպիսի անորոշություն ծավալվեց․ մի կողմը վեթինգի տակ հասկանում էր ինչ-որ մարդկանց գլխատում, մյուս կողմը՝ մասնատում, իսկ մենք բացատրում էինք, որ դա բոլորովին այլ գործընթաց է։ Այսօր նոր ընդհանուր ընկալում է ձեռք բերվել՝ շնորհիվ ինտենսիվ և ակտիվ քննարկումների։ Հիմա, երբ դա փաստաբանների պարագային եք վերագրում, ինձ համար անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է ընկալվում «փաստաբանների վեթինգ» ասվածի տակ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Նա նշեց, որ փաստաբանական ինստիտուտի ռեֆորմացիայի շրջանակներում իր դիրքորոշումը ներառում է 2 առաջարկություն։

«Այստեղ 2 տարբերակ կա՝ մեկը լուրջ բարեփոխումն է ներկայիս համակարգի, և երկրորդ միջոցը՝ մեկ պալատի բաժանումն է միությունների, որոնք կապահովեն այն հակակշիռների, փոխադարձ զսպումների, արդյունավետության ու բարեվարքության մակարդակը, որը մենք հետապնդում ենք։ Պայմանական վեթինգ ասելով՝ կարևորը այդ բարձրացվող ստանդարտներն են, ինչը պետք է էլի երկու տարբերակով արվի՝ կամ միությունները, մրցակցելով իրար հետ, ավելի բարձր ստանդարտներ կապահովեն փաստաբանների կամ մեկ համայնքի մեջ արդեն կնախատեսվեն գործիքակազմերը, որոնք մեզ կապահովեն փաստաբանների մասնագիտական և էթիկական բարձր ստանդարտներ։ Հիմա սա կարո՞ղ է համարվել վեթինգ, թե՝ ոչ, կդժվարանամ ասել, բայց այս ճանապարհն եմ պատկերացնում»,- նշեց փաստաբանը։

Տիգրան Եգորյանի խոսքով՝ էական տարբերություն կա պաշտոնատար անձանց և ոչ պաշտոնատար անձանց միջև, և այն համարժեքությամբ, ինչ համարժեքությամբ, որ «վեթինգ» ասելով քննարկվում է, օրինակ, դատական ռեֆորմի հարցը, չի կարող դրվել փաստաբանության առջև։

«Բայց այստեղ խնդիրը, քանի որ առկա է և առկա է վաղուցվանից, և այդ խնդրի մասին տարբեր փաստաբաններ բարձրաձայնել են պարբերաբար, այդ թվում՝ ես, այդ խնդրի լուծմանը արդեն նկարագրածս ճանապարհներն են բերելու։ Եվ դատելով այս վերջին ընտրություններից՝ ինձ համար ավելի ակնհայտ է, որ միությունների բաժանման տարբերակն է ավելի իրատեսական և արդյունավետ լինելու, քան մեկ, միասնական, մեծ պալատի բարեփոխումը, որը, կարծում եմ, նույնիսկ եթե հնարավոր լիներ, չափազանց դանդաղ ու անհասկանալի տեմպերով ու արդյունքներով կլիներ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Անդրադառնալով այն հարցիին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է նրանով, որ այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի  որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․

«Դա կամ հանցավոր դրսևորում է, կամ լավագույն դեպքում՝ կոպիտ էթիկական խախտում։ Բնականաբար, մենք ունեցել ենք և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքերի վերաբերյալ բացահայտումներ, փաստեր, հիմա այս կապակցությամբ պետք է աշխատանք տարվի, այսինքն՝ այս կապակցությամբ աշխատանքը պետք է տարվի և՛ իրավապահ մարմինների միջոցով, և՛ պալատի միջոցով։ Սա մի երևույթ է, որի կապակցությամբ անընդհատ համապատասխան մարմիններն ու կազմակերպությունները պետք է աշխատեն»։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել