Մեղադրվում է երեխային 3500 դոլարով վաճառելու համար

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Լոռու մարզի բնակչուհի Ռիման  2011 թվականի մարտի 13-ին  համաձայնության է եկել Ախթալա  քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր` 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։  Քրեական գործի նյութերի համաձայն` երեխայի մայրը նախ ստացել է  367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո`  2012 թվականի մարտի  մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից,  ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել