Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 85-ամյա Ասյա Մարգարյանին առաջադրվածմեղադրանքով առաջին՝ նախնական նիստի քննությունը:
Վերջինս մեղադրվում է այն բանում, որ թաքցնելով իր դստեր` Ռուզաննա Գրիգորյանի մահվան փաստը, 1995-2012թթ. ընկած ժամանակահատվածում պետությունից խաբեությամբ ստացել է վերջինիս հասանելիք կենսաթոշակը՝ 1 միլիոն 147 հազար 596 ՀՀ դրամ: Թոշակը ստացել է իր քրոջ՝ հանգուցյալ Կատյա Մարգարյանի կողմից պատրաստված կեղծ անձնագիրի միջոցով: Արդյունքումպետությանը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Գործը հարուցվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այն սահմանում է, որ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկիցհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այսօր կայանալիք նիստի ժամանակ դատավոր Նելլի Բաղդասարյանը կողմերին ներկայացրեց իրենց իրավունքները և պարտականությունները: Վերջինս հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, թույլ տվեց դատարանի հարցերին նստած պատասխանել:
Նշենք, որ տուժողի ներկայացուցիչ՝ Աննա Մկրտումյանը չէր ներկայացել նիստին:
Պաշտպան Արմեն Հարությունյանը դատական նիստի հետաձգման մասին միջորդություն ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ չի հասցրել լավ ծանոթանալ գործին:
Մեղադրող Ա.Գրիգորյանը չառարկեց պաշտպանի այդ միջնորդությանը:
Հաշվի առնելով հանգամանքները, դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 19-ին:
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: