«Իմ ծնված օրվանից նրան հերոս էի համարում: Միշտ ցանկացել եմ իրեն նմանվել: Իրեն շատ էին սիրում, շատ նպատակասլաց էր»,-պատմում է Արցախյան 2-րդ պատերազում զոհված Գագիկ Խաչատուրյանի քույրը Լիանա Խաչատուրյանը:
Ընկերը՝ Նարե Համբարձումյանը պատմում է, որ իրենց ընկերությունը ֆիլմի նման է, միասին ուրախ ու դժվար օրեր են անցել:
«Գագիկը շատ երազկոտ էր: Մեր նպատակն է նրա երազանքները դարձնել իրականություն: Նա երազում էր ունենալ «Ամոկա» անունով բրենդ, երբ փոքր է եղել, իր մայրիկին է այդպես կոչել: Նա այնպես էր նկարագրում իր ապագա հարսանիքը, որ բոլորս երազում էինք, որ գա այդ օրը ու մենք տեսնենք, թե իր մտքերն ինչպես են իրագործվում»,-պատմում Նարեն:
«Պետք է ապրել ամեն վայրկյանը, պետք է ապրել այս պահով, որովհետև վաղը կարող է չլինել»,-Գագիկի խորհուրդն է եղել:
Նա բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 23-ին, ծառայել է Մեխակավանում:
«Երբ պետք է գնար բանակ, ասում էր՝ ես պետք է ծառայեմ ամենաթեժ կետում: Շատ հանգիստ էր խոսում մեզ հետ, չէր ասել, որ մարտի դաշտում է, մենք էլ համոզված էին, որ նա ապահով է»,-պատմում է քույրը:
Ընկերը՝ Տիգրան Քխվեջյան պատմում է, որ Գագիկն իր սպային ասել է՝ ես գիտեմ, որ ոչ ոքս հետ չենք գնալու, ինձ՝ չէ, բայց էս տղերքին կպարգևատրեք:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար նրան հետմահու շնորհվել է Միջազգային անվտանգության ակադեմիայի բարձրագույն կոչում՝ «Ասպետ» շքանշանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
Գագիկ Խաչատուրյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 3-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին:
Մանրամասները՝ տեսանյութում