«4․5 տարի սպասել ենք Հայկի ծնունդին։ Ամեն տեղ իրեն փորձել է՝ սպորտի, երաժշտության, նկարչության մեջ ու միշտ կիսատ է մնացել»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Հայկ Աննիկյանի մայրը՝ Հռիփսիմե Լոբյանը։
Հայկի հայրը՝ Տիգրան Աննիկյանը ասում է, որ որդին իրենց միշտ հասկացել է, մտել է իր դրության մեջ․ «Երբ ինչ-որ մի բան էր ուզում ու չէր լինում, երբեք չէր նեղանում, չէր հակաճառում»,-նշում է նա։
Մոր խոսքով՝ Հայկի ծառայությունը 6 ամսով հետաձգել են, բայց առանց ծնողներին զգուշացնելու գնացել կամավորագրվել է, որ շուտ մեկնի ծառայության․ «Ասում էր՝ ես պետք է ծառայեմ, իմ կյանքն է, իմ հետ գործ չունեք։ Մահվանից շատ էր խոսում, ասում էր՝ կտեսնեք, ես գնալու եմ, հերոս եմ դառնալու, գնալու եմ կանգնեմ բոլորին, թուրքերին ասեմ՝ ես եկել եմ։ Ես, որ մահանամ, ինձ հերոսի նման են տանելու, իմ համար հիմն է հնչելու»,-նշում է մայրը։
Բանակ մեկնելու օրը ծնեողներին ասել է, որ Արցախից էլ հետ չի գալու։
Վիրավորվել է, 5 օր հիվանդանոցում է եղել, բայց ծնողներին ոչինչ չի ասել, որ չանհանգստանան։ Մայրը վերջին անգամ Հայկի հետ խոսել է հոկտեմբերի 22-ին։ «Զանգեցի, մի տղա վերցրեց, ասաց՝ էլ Հայկ չկա, բոլորը զոհվել են, մի քանի հոգի ենք մնացել»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում