Գերմանիայի իր սենյակի պատուհանից եռագույնն էր ծածանվում. Գևորգը ապագա բժիշկ էր, 8 լեզու գիտեր

Բանակ գնալուց առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Գևորգը բռնցքամարտի վերջին մրցումն է անցկացրել, որտեղ հաղթել էր թուրք մրցակցին․հաղթանակը նվիրել էր մորը:

Արցախյան պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանը իմացել է 8 լեզու. «Ասում էր՝ մամ պիտի աշխարհի բոլոր լեզուները սովորեմ»,-պատմում է մայրը՝ Թամարա Գևորգյանը:

Գևորգը ընդունվել է Գերմանիայի պետական բժշկական համալսարան, սովորել է մեկ տարի և որոշել է վերադառնալ հայրենիք, որպեսզի ծառայության անցնի. «Բայց ցավոք, կյանքը տվեց հայրենիքին»,-նշում է մայրը:

Նրա խոսքով՝ երբ տեղափոխվել են Գերմանիա՝ մշտական բնակության, Գևորգի սենյակի պատուհանից միշտ ծածանվել է հայկական եռագույնը:

«Հայրենասիրությամբ ապրում էր, բայց միշտ ասում էր՝ մամ, իմ մեջ մի բան թերի է, երբ ես իմ հայրենիքում չեմ, իմ հայրենիքի պարտքը չեմ տվել, դա ինձ համար բացթողում է: 20 տարեկանն էինք նշում ներս մտավ, ձեռքին տոմսեր էր, ասաց՝ մամ, ներիր և ընդունիր որոշումս, հայ եմ, պիտի գնամ իմ հայրենիքի պատքը տամ»,-պատմում է զոհված զինծառայողի մայրը:

Երբ Գևորգը հավաքել է իրերը, որ վերադառնա Հայաստան, առաջինը իր հետ վերցրել է պատուհանից ծածանվող դրոշը և Նոր կտակարանը:

Իր գերմանուհի սիրելիին Գևորգը տարել է Եռաբլուր և ասել՝ այստեղ մեր հերոսներն են. «Ասաց՝ մամ, ե՞րբ ես գնացել Եռաբլուր, ասացի՝ ուսանողական տարիներիս, խոստացավ, որ մի օր էլ միասին կգնանք։ Հիմա իմ ամենօրյա ճանապարհն է դարձել Եռաբլուրը»,-ասում է մայրը:

Նա վերջին անգամ Գևորգի հետ խոսել է հոկտեմբերի 9-ին. «Ասաց՝ մամ, հաղթելու ենք, տուն ենք գալու, խոսք տուր, որ մեր տան դուռը երբեք չի փակվելու, դու տեղ չունես գնալու մամ, դու պետք է մնաս իմ հայրենիքում»,-որդու հետ խոսակցությունը հիշեց մայրը:

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 14-ին, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել