Ի՞նչ է համատիրությունը, ո՞վքեր կարող են անդամակցել և որո՞նք են համատիրության ծախսերի ուղղությունները

Համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:

Համատիրությանը կարող է անդամակցել տվյալ համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի (շենքերի), շինության ցանկացած սեփականատեր: Համատիրությանն անդամակցելու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին ներկայացնում է գրավոր դիմում` կցելով համապատասխան շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը:

Շինության սեփականատերը համատիրության անդամ է դառնում դիմումի տրման հաջորդ օրվանից: Համատիրության անդամակցումը հաշվառվում է դիմումի տրման օրը համատիրության անդամակցության գրանցամատյանում:

Համատիրության միջոցները գոյանում են`

  • համատիրության անդամների և շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից և այլ վճարումներից.
  • օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Համատիրության միջոցների ծախսերի ուղղություններն են`

  • պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերը.
  • աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսերը.
  • տնտեսական ծախսերը (փոստային, կապի, տպագրական, գրասենյակային պիտույքների ապահովման և այլն).
  • ընդհանուր գույքի վերականգնման ու վերանորոգման ծախսերը:

Բազմաբնակարան շենքի տարեկան բյուջեն կազմելիս և հաստատելիս հաշվի են առնվում շենքի ընդհանուր սեփականության շահագործման, սպասարկման, պահպանման և նորոգման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատիրության գործունեության ապահովման խնդիրները:

Համատիրությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Համատիրության մասին»օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել