Կազմակերպությունների (դաստիարակչական, նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:
Սա կարգավորվում է Ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա խնամքի և դաստիարակության կազմակերպման հարցի լուծումը։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում:
Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման և նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա: