Ինչպե՞ս է կատարվում պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը, սահմանի գծանշումը

«Պետական սահմանի մասին» օրենքի 2-րդ գլխով սահմանվում է պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը։

Իրավաբան․net-ը ներկայացնում է, որ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը, ըստ որի․

Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետական սահմանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է`

ա) ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների.

բ) գետերում (վտակներում)` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով.

գ) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին.

դ) հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը.

ե) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից:

Գետով (վտակով), ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում:

Նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է պետական սահմանի գծանշումը։

Պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգն ու նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Իսկ 7-րդ հոդվածում նշվում է Հայաստանի Հանրապետության սահմանային ջրերի մասին, որոնք են մինչև պետական սահմանագիծն ընկած այն գետերի (վտակների) և ջրավազանների ջրերը, որոնց ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել