Սոցիալական փաթեթը աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:
Իրավաբան.net-ը մի շարք մանրամասներ է ներկայացնում սոցփաթեթի մասին։
Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
3) ուսման վճար.
4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:
Սոցիալական փաթեթի սահմանաչափը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազար դրամ է, որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները (այս բաղադրիչների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը):
Աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ են համարվում աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակները):
Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կասեցվում է այդ ժամանակահատվածում, և նրանց սոցիալական փաթեթի գումարը սկսվում է կրկին փոխանցվել աշխատանքի վերադառնալու ամսվանից:
Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել`
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից` աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը,
- ուսման վճարից` աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
- հանգստի ապահովման ծառայությունից` աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
- առողջության ապահավագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթից՝ աշխատողը, իսկ առողջության ապահովագրության
- նվազագույն բազային փաթեթից՝ աշխատողի ընտանիքի անդամը:
Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը: Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:
Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ (այսուհետ՝ սոցփաթեթի հաշիվ): Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
Սոցիալական փաթեթի գումարն իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն առաջին անգամ սոցիալական փաթեթի հաշիվ բացելու դեպքում աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն սահմանված ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Վեց ամսվա աշխատանքային ստաժը լրացած կամ նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից կամ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձանց, դատարանի կողմից իր նախկին աշխատանքում վերականգնված անձի (մինչև աշխատանքից ազատվելը սոցիալական փաթեթի շահառու հանդիսացած) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի ծագման ամիս է համարվում վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանալու կամ աշխատանքի անցնելու ամիսը:
Դիմումի և տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 7.1-ին և 8.1-ին կետերով նախատեսված դեպքերի:
Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ, 2.4.9-րդ կետերով նախատեսված պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:
Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում` սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի 6 հազ. դրամի կեսը):
Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցփաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից (ծառայություններից) և դրույքի (աշխատաժամանակի) նվազեցման օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ ՀՀ կառավարության 27.12.2012 թ. N 1691-Ն որոշման N 3 հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն և նախապես իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկից իր աշխատանքի վայրի սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում է ներկայացրել այդ պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանք, սոցփաթեթի գումարը փոխվում է պարտավորությունների մարմանը (ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված 1 օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը) հաջորդող ամսվանից:
Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցփաթեթի շահառու հաստատությունների ցանկում:
Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուի մոտ, որն ընդգրկված է սույն կարգի նշված հաստատությունների ցանկում, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար, որի դեպքում աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին պետք է առնվազն կազմի տվյալ աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողության 50 տոկոսը:
Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը ներառված չէ նշված հաստատությունների ցանկում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է այդ ենթակետերում նշված հաստատություններում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքային դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան:
Սոցիալական փաթեթի գումարները կուտակային բնույթ են կրում, այսինքն պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից (ծառայություններից) և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) միանվագ փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը:
Աշխատողի աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին:
Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների կամ սոցփաթեթի շրջանակներում տրամադրված վարկերի մասով մարումների) հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը, որի պատճենը պահվում է բանկում.
2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցիալական փաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին: Հարկային մարմնից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը սույն հարցման պատասխանի հիման վրա աշխատողի` նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցիալական փաթեթի գումարները կանխիկ վճարում է աշխատողին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:
Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի վարկառուն կամ նրա անմիջական ընտանիքի անդամը:
Սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի (վարկառուի կամ հիփոթեքային վարկի համավարկառուի` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում) հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևի, եթե աշխատողի (վարկառուի կամ հիփոթեքային վարկի համավարկառուի` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում) հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից:
Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա անմիջական ընտանիքի անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը:
Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի կամ համավարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված՝ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցներից:
Սոցիալական փաթեթում ներառվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`
1) բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր.
2) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր.
3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի).
4) արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր:
Նշված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը հրապարակված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում (http://escs.am/am/category/social-package):