Կատարողական թերթը տրվում է`
1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա.
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:
Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`
1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:
Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
Աղբյուրը` Իրավաբան.net