Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Երևան քաղաքում արագաչափ սարքեր ու տեսախցիկներ տեղադրող և սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2036 թվականի հունիսի 13-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող` 0.11494 հա մակերեսով հողատարածքը (578.6 քառ.մ. և 241.8 քառ.մ. մակերեսով շենքով ու շինություններով) տրամադրելու մասին հարցը:
Ըստ ոստիկանության ներկայացրած հիմնավորման` «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացված տարածքը չի բավարարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար, քանի որ արագաչափ սարքերի և տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակը և հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը:
Ներկայացրած նախագծով ոստիկանությունն ակնկալում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հնարավորություն կունենա պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու, այն է` արագաչափ սարքերի և տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտ քանակությամբ ավելացնել նաև խախտումների արձանագրման կենտրոնում տեղադրված մոնիտորների քանակն ու հայտնաբերված իրավախախտումները մշակող օպերատորների թիվը:
«Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Աղբյուրը` Իրավաբան.net