Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին:
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք:
Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը:
Հարգանքով՝
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ»:
Տեղեկացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անցած ուրբաթ օրը` մարտի 22-ին, հանրահավաքի ժամանակ իր առաջարկությունները փաստաթղթի տեսքով ստորագրել է և ուղարկել նախագահի նստավայր:
Նրա պահանջն այն է, որ նախագահական նոր ընտրություններ նշանակվեն: Կամ դրա չնշանակվելու դեպքում այս տարվա ընթացքում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ` նախապես փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում:
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները դրանով չէին սահմանափակվում: Նա նշել է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն առնվազն հինգ մարզպետերի պետք է ազատել աշխատանքից` այդ պաշտոններում նշանակելով ժողովրդի ներկայացուցիչներին, որոնց կառաջարկի ինքը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ղեկավար պաշտոններ է պահանջել գլխավոր դատախազությունում, հարկային եւ մաքսային, ազգային անվտանգության ծառայություններում, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ կրթության ու գիտության նախարություններում, վերստուգիչ պալատում, արդարադատության խորհրդում եւ հակակոռուպցիոն հանձնաժողովում:
Աղբյուրը` Իրավաբան.net