Դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանի Հանրապետության Նախագահի մարտի 20-ի հրամանագրով դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները:

Արդարադատության խորհուրդը, քննելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, գտել էր, որ արդարադատություն իրականացնելիս դատավոր Ա. Մերանգուլյանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Դատավորը բավարարել է ներկայացված հայցը այն պայմաններում, երբ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Ըստ խորհուրդի որոշման` քաղաքացիական գործով ըստ էության իրականացվել է Դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, և գտել, որ սույն գործով Դատարանի կողմից խախտվել է նաև իրավական որոշակիության սկզբունքը:

Խորհուրդը, Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ դատավոր Ա. Մերանգուլյանը նախկինում ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, յուրաքանչյուր անգամ, այդ թվում` Արդարադատության խորհրդի 2012 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ, որպես կարգապահական տույժ դատավորի նկատմամբ կիրառելով խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին դիմելը որպես կարգապահական տույժի տեսակ ենթակա է կիրառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար: Այդ պատճառով ՀՀ արդարադատության խորհուրդը 28.02.2013թ. թիվ ԱԽ-7-Ո-13 որոշմամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել