Այսօր՝ փետրվարի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ` շարունակվեց Ռոման Զ.-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք որ Ռոման Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի սկզբներին անչափահաս Գայանե Հ.-ի հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով քրեական գործը վճռել է` ամբաստանյալ Ռոման Զ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) և այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ռոման Զ.-ի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որով ամբաստանյալը քրեական և զինվորական վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Ռոման Զ.-ի (ՀՀ քր. օր. 141 հոդ. -ազատազրկում 6 ամիս ժամկետով) վերաբերյալ 28.11.2012թ. դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատժատեսակ` տուգանք կամ ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալը, տուժողը և տուժողի ներկայացուցիչը, մեղադրողը չէր ներկայացել: Սակայն նախագահող դատավորը, լսելով կողմերի կարծիքը, որոշեց առանց մեղադրողի ներկայության անցկացնել դատաքննությունը, քանի որ նախորդ դատական նիստին մեղադրողն իր դիրքորոշումը հայտնել էր վերաքննիչ բողոքի վերաբերյալ:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը մեկ անգամ հետաձգվել էր տուժողի և իր օրինական ներկայացուցիչի՝ մոր միջև եղած տարաձայնությունների և վերջնական դիրքորոշում չունենալու առիթով: Այն է որ՝ նախորդ նիստում տուժող Գայանե Հ.-ն հայտնել էր, որ ներել է և ուզում է հաշտվել ամբաստանյալի, հետ ինչին դեմ էր, վերջինիս օրինական ներկայացուցիչը: Սակայն այսօր տուժող Գայանե Հ.-ն հայտնեց դատարանին, որ փոխել է իր դիրքորոշումը և պահանջեց, որ ամբաստանյալ Ռոման Զ.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության և պատիժը կրի ազատազրկման ձևով:
Դատարանը, կողմերին լսելուց հետո, հեռացավ խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը որոշեց, ամբաստանյալ Ռոման Զ.-ի վերաքննիչ բողոքը մերժել և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ:
Իրավաբան.net–ը նախկինում անդրադարձել է այս գործին, որի վերաբերյալ առաջարկում ենք կարդալ Սեռական հարաբերություն էր ունեցել անչափահասի հետ և Ռոմանի սեքսուալ բնույթի «սխրագործությունը». տուժողը անչափահաս Գայանեն է հոդվածները:
Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net