ՀՀ ՊՆ նախարարի հրամանով սահմանվում է զինված ուժերի երգի և պարի համույթում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության պայմանները և հանձաժողովի գործունեության կարգը:
Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովը իրականացնում է դիտումներ, որի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ, հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Տարածքային զինկոմիսարիատներն իրականացնում են դիտումներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկների հաշվառվում ըստ անհրաժեշտ երգարվեստի և պարային մասնագետների հայտ-պահանջարկի, և հաշվառված զորակոչիկների անվանացուցակները դիտումների օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են զինված ուժերի երգի և պարի համույթի ղեկավարին:
Զորակոչիկները դիտումներին մասնակցում են անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովի կողմից դիտումները յուրաքանչյուր օրվա համար չեն կարող գերազանցել 50 անձը: Դիտումներն անցկացվում են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում` ք.Երևան, Քաջազնունի 1 հասցեում: Դիտումների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Դիտումներին կարող են մասնակցել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի:
Դիտումներին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև դիտումների սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:
Զորակոչիկների կատարողական վարպետության գնահատումն իրականացվում է բալային համակարգով` բաղկացած հետևյալ հիմնական մասերից (յուրաքանչյուրն առավելագույնը 20 բալ).
1) դասական պար,
2) հայկական ժողովրդական պար,
3) այլ ժողովրդական պարեր,
4) պարարվեստում օգտագործվող ուժային շարժումներ,
5) ռիթմիկա (ռիթմի ընկալում):
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկի գնահատումն իրականացնում է գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկով: Հանձնաժողովի անդամների գնահատականները յուրաքանչյուր մասնակցի համար գումարվում են և բաժանվում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների թվին, որի արդյունքով ձևավորվում է յուրաքանչյուր մասնակցի միջին թվաբանական գնահատականը: