Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը և նրա պաշտոնյա ամուսինը խոշոր նվիրատվություններ են ստացել

Ռուզաննա Հակոբյանը 6 տարի ժամկետով վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ է նշանակվել ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով:

Դատական համակարգում Ռուզաննա Հակոբյանն աշխատում է 2002 թվականից:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները:

2011 թվականին, երբ Ռուզաննա Հակոբյանը վարչական դատարանի դատավոր էր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողվին ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 4,8 միլիոն դրամ, 3300 դոլար: Եկամուտները կազմել են 6 միլիոն 362 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2012 թվականին նրա խնայողությունները մնացել են նույնը, իսկ եկամուտները կազմել 6 միլիոն 237 հազար դրամ:

2013 թվականի հայտարարագրում նշվում է, որ նրա ամուսինը՝ Անդրանիկ Հակոբյանը զբաղցենում է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այդ տարում Ռուզաննա Հակոբյանի դրամական միջոցները նվազել են 100 դոլարով, իսկ եկամուտները կազմել են 6 միլիոն 753 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2014 թվականին դատավորի դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 5 միլիոն 200 հազար դրամ և 3200 դոլար: Եկմուտները ևս ավելացել են՝ 8 միլիոն 92 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2015 թվականին՝ արդեն վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հայտարարագրել է՝

  • հողամաս, որի արժեքը 2 միլիոն 769 հազար դրամ է,
  • դրամական միջոցներ՝ 5 միլիոն 450 հազար դրամ և 3200 դոլար,
  • եկամուտներ՝ 8 միլիոն 336 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից, որից 2 միլիոն 769 հազար դրամը նվիրատվություն է ստացել, մնացյալը ստացվել է երկու աշխատավարձերից: Ենթադրվում է, որ նվիրատվությունը հենց հողամասն է եղել:

2016 թվականին ավելացել են նրա դրամական միջոցները՝ կազմելով 6 միլիոն 100 հազար դրամ և 3500 դոլար: Նրա եկամուտները կազմել են 29 միլիոն 612 հազար դրամ, որից 20 միլիոնը ստացված փոխառությունից է, մնացյալը՝ երկու աշխատավարձերից, և 2250 եվրո, որն էլ ստացվել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից:

2017 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտները կազմել են 21 միլիոն 164 հազար դրամ, որը ստացվել է 6 աղբյուրից՝ աշխատավարձից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, ստացված 3 փոխառություններից և այլ եկամուտից:

2018 թվականին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կամ տարեկան հայտարարագիր Ռուզաննա Հակոբյանը չի ներկայացրել:

Ռուզաննա Հակոբյանի ամուսինը՝ Անդրանիկ Հակոբյանը հայտարարագրել է.

  • 2011 թվականին՝ դրամական միջոցները՝ 33,500 դոլար,  2,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 4 միլիոն 712 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 8100 դոլար, որը ստացվել է 3 նվիրատվություններից: 
  • 2012 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտները կազմել են 6 միլիոն 311 հազար դրամ, որը ստացվել է կենսաթոշակից և երկու աշխատավարձից: Այս տարում ևս Անդրանիկ Հակոբյանը նվիրատվություն է ստացել՝ 2000 դոլար:
  • 2013 թ-ին նրա դրամական միջոցները զգալի ավելացել են՝ կազմելով 44 հազար 700 դոլար, 2,5 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 5 միլիոն 591 հազար դրամ, որը ստացվել է կենսաթոշակից, երկու աշխատավարձերից: Նա նաև 9200 դոլար նվիրատվություն է ստացել:
  • 2014 թ-ին Անդրանիկ Հակոբյանի դրամական միջոցները գանլով ավելացել են՝ հասնելով 62,050 դոլարի և 3 միլիոն դրամի: Նրա եկամուտները կազմել են 7 միլիոն 31 հազար դրամ և 17350 դոլար, որը ստացվել է 2 նվիրատվություններից: 
  • 2015 թվականին դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 400 հազար դրամ և 62,850 դոլար: Եկամուտները կազմել են 7 միլիոն 600 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 800 դոլար, որը կրկին նվիրատվություն է եղել:
  • 2016 թ-ին դրամական միջոցներն ավելացել են 300 հազար դրամով, աշխատավարձից ստացած եկամուտները կազմել՝ 7 միլիոն 769 հազար դրամ:
  • 2017 թվականին դատավորի ամուսինն 480 հազար դրամով օտարել է Vaz 2109 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 850 հազար դրամ և 63,100 դոլար: Եկամուտները կազմել են 11 միլիոն 750 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի դուստրը՝ Մարի Հակոբյանը 2011 թվականի հայտարարագրում ոչինչ չի նշել: 2012 թվականին 89 հազար դրամ եկամուտ է ստացել աշխատավարձից: 2013 թվականին նրա եկամուտները ստացել են 2 աշխատավարձերից և կազմել 509 հազար դրամ: 2014 թվականին էլ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 1 միլիոն 619 հազար դրամ:

Դատավորի մյուս դստեր՝ Լուսինե Հակոբյանի ներկայացրած 2012-2016 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ: 2017 թվականին նրա եկամուտները կազմել են 477 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը:

Ռուզաննա Հակոբյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

  • 1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
  • 1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:
  • 1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:
  • 2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
  • 2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
  • 2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
  • 2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
  • ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել