Ի՞նչ ազգանուն ընտրել ամուսնանալիս

Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է ունենալ երկու կամ ավելի ազգանուններից բաղկացած ազգանուն: Օրինակ իսպանացիները ունեն երկու ազգանուն՝ առաջինը՝ հոր, երկրորդը՝ մոր ազգանունը: Որպես կանոն, ամուսնացած իսպանուհիները պահպանում են իրենց օրիորդական ազգանունը: Բայց հաճախ դրան ավելացվում է նաև ամուսնու ազգանունը՝ “de” նախորդի հետ միասին, արդյունքում ստացվում է չորս ազգանունից բաղկացած ազգանուն:

 

Հայաստանում առավել ընդունված է, որ ամուսնության պետական գրանցունից հետո կինը ընդունում է ամուսնու ազգանունը կամ պահպանում է մինչամուսնական ազգանունը։

 

Սակայն ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է նաև այլ տարբերակներ:

 

Մասնավորապես, ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի, այդ թվում և կնոջ, ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել իրենց մինչամուսնական ազգանունը։

 

«Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի»- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։

 

Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել