ՀՀ օրենսդրությամբ թույլատրվու՞մ է վաճառել ծիծաղը

Մեր օրերում թվում է, թե հնարավոր է ամեն ինչ գնել, անգամ՝ ծիծաղը:

 

Ջեյմս Կրյուսն իր ստեղծագործություններից մեկում խոսում է տարօրինակ մի պայմանագրի մասին, որը կնքվել է 1930 թվականներին:

 

«1. «Այս պայմանագիրը կնքված է … թվականի …ամսվա … թվին մի կողմից պարոն Չ.Անատասի և մյուս կողմից պարոն Թիմ Թալերի միջև, իսկ երկու կողմերն այն ստորագրում են երկու օրինակից:

 

2. Պարոն Թիմ Թալերն իր ծիծաղը հանձնում է պարոն Չ.Անատասի լիակատար տնօրինությանը:

 

3. Որպես փոխհատուցում ծիծաղի դիմաց, պարոն Չ.Անատասը պարտավորվում է հոգալ այն մասին, որ պարոն Թիմ Թալերը շահի բոլոր գրազները: Սույն կետը չունի ոչ մի սահմանափակում…

 

4. Երկու կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի մասին պահպանել լիակատար լռություն:

 

5. Այն դեպքում, երբ կողմերից մեկը որևէ երրորդ դեմքի հաղորդի սույն պայմանագրի մասին և խախտի չորրորդ կետում հիշատակված գաղտնիքի պահպանման պայմանը, մյուս կողմն ընդմիշտ իրավունք է ձեռք բերում. ա) ծիծաղելու կամ բ) շահելու գրազն այն ժամանակ, երբ պայմանը խախտած կողմը վերջնականապես կորցնում է իրավունքը ա) ծիծաղելու կամ բ) շահելու գրազը:

 

6. Այն դեպքում, եթե պարոն Թիմ Թալերը որևէ գրազ տանուլ տա, պարոն Չ.Անատասը պարտավորվում է պարոն Թիմ Թալերին վերադարձնել նրա ծիծաղը: Բայց այդ դեպքում պարոն Թիմ Թալերը հետագայում կորցնում է գրազ շահելու ունակությունը:

 

7. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն վայրկյանից, երբ երկու կողմերը կստորագրեն համաձայնագրի երկու օրինակը… ամսաթիվ … տարեթիվ:»:

 

Թիմը մի պատանի էր, ով բոլոր դժվարությունները հաղթահարում է իր սրտանց և վարակիչ ծիծաղով:

 

Մի կիրակի միայնակ Թիմը գնում է ձիարշավարան, ուր ամեն անգամ այցելում էր իր հոր հետ, հանդիպում է մի մարդու՝ պարոն Անատասին, ով Թիմին տարօրինակ գործարքի առաջարկ է անում՝ իր ծիծաղի դիմաց: Նրանք կնքում են առուվաճառքի պայմանագիր, որի առարկա է հանդիսանում Թիմի…ծիծաղը:

 

Հետագայում տասներկու ամյա Թիմը պետք է պարզեր, որ իր ծիծաղը վաճառել է ոչ թե պարոն ԱՆԱՏԱՍԻՆ, այլ՝ ՍԱՏԱՆԱՅԻՆ (եթե անունը հակառ կարդանք): Թեև իր կնքած տարօրինակ պայմանագիրը և գրազն իրեն և իր ընտանիքին մեծ գումարներ են բերում, սակայն նա զրկվում է իր ծիծաղից: Եվ միայն չորս տարի անց, տասնվեց ամյա Թիմի հետ գրազ է գալիս իր ընկերը՝ մեկ գրոշի վրա, որ նա երբեք ետ չի ստանա իր ծիծաղը, իսկ Թիմը գրազ է գալիս, որ կվերադարձնի այն: Արդյունքում կատարվում է իրենց կնքած Պայմանագրի 6-րդ կետի պահանջը, ինչի հետևանքով Թիմը կարողանում հետ բերել իր ծիծաղը: Գրազը պարզ էր. եթե անգամ նա պարտվեր էլ գրազը, միևնույն է, կարող էր ծիծաղը ետ բերել:

 

Մեր օրենսդրությամբ՝ առուվաճառքի պայմանագրով ապրանք կարող է լինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխանող ցանկացած գույք: Հոդվածի համաձայն՝

 

1. Քաղաքացիական իրավունքների օբյեկտները կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում, իրավաբանական անձի վերակազմակերպում), կամ այլ եղանակով, եթե դրանք հանված չեն շրջանառությունից, կամ դրանց շրջանառությունը սահմանափակված չէ:

 

2. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնց շրջանառության մեջ գտնվելը չի թույլատրվում (շրջանառությունից հանված օբյեկտներ), պետք է ուղղակի նշված լինեն օրենքում:

 

3. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ (սահմանափակ շրջանառու օբյեկտներ), որոշվում են օրենքով սահմանված կարգով:

 

Ծիծաղը չի բավարարում օրենսդրի հետևյալ պահանջները, հետևաբար չի կարող առուվաճառքի պայմանագրի առարկա լինել:

 

Գիտնականները հաշվարկել են` մանուկ ժամանակ մենք օրական ծիծաղում էինք մոտ 300 անգամ, իսկ հիմա ` մոտ 20 անգամ: Իհարկե կան այնպիսի մարդիկ, որոնք ընդանրապես չեն ծիծաղում, քանի որ այդ մարդիկ բացի վատ տրամադությունից տառապում են նաև սթրեսից:
Ապացուցված է, որ ծիծաղը թոքերը թթվածնով է լցնում և թուլացնում մկանային լարվածությունը, բարելավվում է սրտի աշխատանքը: Դեռ 1986 թվականին փորձարկումը ցույց տվեց, որ 20 վայրկյան ծիծաղելը երկարացնում է սրտի կյանքը 3 րոպեով:

 

Այնպես որ ծիծաղելն ուղղակի պարտադիր է և պետք չէ այն վաճառել կամ գրազ գալ մեկ գրոշի վրա: Բայց նրա իրական գինը ոչ մի միլիոնով չի կարելի չափել: «Ծիծաղը մարգարին չէ, առուծախի ապրանք չէ… Ծիծաղը չեն վաճառում: Նրան կարելի է միայն արժանանալ» – Ջեյմս Կրյուս, «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ»:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել