Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի նիստը: Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կստորագրվեն մուտքի վիզաների պարզեցման և հետընդունման համաձայնագրերը, որոնք վավերացումից հետո ուժի մեջ կմտնեն 2013թ. կեսերին:
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն արդեն մեկնել է Բրյուսել:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու պարզեցված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլք մուտքի արտոնագիր կարող են ստանալ պարզեցված կարգով:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:
Նշենք, որ ԵՄ-ի հետ մուտքի վիզաների պարզեցման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2012թ. փետրվարին Երևանում:
Աղբյուրը` Իրավաբան.net