Մանվել Գրիգորյանին կալանքի տակ են պահում՝ նրան հայտարարություններ անելու հնարավորությունից զրկելու համար. պաշտպան

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ գործով բոլոր քննչական գործողությունները արդեն կատարվել են:

Պաշտպանը նշում է, որ անհարկի ձգձգումների պատճառով գործը դեռ դատարան չի հասել. «Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Միքայելյանի այն հայտարարությունը, թե 200 հարցաքննություն և 70 խուզարկություն է կատարվել, դրանք ուղղակի գործողություններ էին, որոնք Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապի մեջ չեն գտնվում: Մի քանի հարցաքննություններից տեղյակ եմ, բայց կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով, սակայն ուղղակի կապ այդ հարցաքննությունների, խուզարկությունների և մեղադրանքի միջև չկա»,- նշեց Մկրտչյանը և հավելեց՝ արդար չէ, որ պաշտպանները նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ են ստորագրում, իսկ ՀՔԾ պետը այնպիսի տեղեկություններ է հրապարակում, որոնք կարող են իրենց մեջ պարունակել նախաքննական գաղտնիք:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը շուրջ 6 ամիս է գտնվում է կալանքի տակ, նրան այլ մեղադրանք չի առաջադրվել և պաշտպանի խոսքով՝ ավելի ծանր մեղադրանքներով անձանց համար անգամ կալանքը որպես խափանման միջոց  չի կիրառվում և սա խտրական մոտեցում է:

«Մենք այստեղ գործ ունենք ընտրովի արդարադատության և խոշտանգման հետ: Մենք հասկանում ենք, որ նշանակված փորձաքննությունները հանրության աչքին «թոզ փչելու» համար են: Ես այսօր կարող եմ տեղեկություն տալ, որ ուսադիր կրող բժիշկները հայտնում են այն դիրքորոշումը, որը հայտնել է մեղադրանքի կողմը, թեթևացնում են Մանվել Գրիգորյանի հիվանդությունները: Երբ զննում են իրականացնում, չեն օգտվում անգամ ֆոնենդոսկոպից, գրում են՝ վիճակը բավարար է, և դուրս են գալիս, այն դեպքում, երբ միջազգային մակարդակի բժիշկները հայտնում են դիրքորոշում, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը առողջական վիճակի հետ համատեղելի չէ»,- նշեց նա:

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ տեսակցությունները տրվում են բացառության կարգով՝ միջնորդությունների հիման վրա, զանգերը արգելվում են:

Պաշտպանը համոզված է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ են պահում՝ նրան հայտարարություններ անելու հնարավորությունից զրկելու համար:

«Այն պահին, երբ Մանվել Գրիգորյանը հայտնվի ազատության մեջ, հասանելի կդառնա ԶԼՄ-ների համար: Մեղադրանքի կողմը չարաշահում է իր՝ դատարանների և լրագրողների, փորձագետների վրա ազդելու իր հնարավորությունները»,-նշեց նա:

 Արսեն Մկրտչյանը նշում է նաև, որ նրանք հնարավորություն չունեն իրենց տեսակետները հայտնել  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Ես հնարավորություն չունեմ վարչապետի մոտ ընդունելության լինել և ասել, որ ՀՔԾ-ի հայտնած տեղեկությունները մեղադրանքի կողմի ենթադրություններն են: Ես խոսելու եմ սուբյեկտիվ, ինչպեսև սուբյեկտիվ է խոսում ՀՔԾ պետը: Ի վերջո, նա մեղադրանքի կողքին կանգնած կողմն է: Նա վարույթ է իրականացնում, հնչեցնում է սեփական ենթադրությունները, մինչդեռ պաշտպանական կողմի վարկածները երկրի ղեկավարության համար մնում են անհասանելի»,-նշեց նա:

Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել