Ինքնաբացարկ է հայտնել «Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով դատավորը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանն ինքնաբացարկ է հայտնել:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելու պատճառն այն է, որ ինքը՝ Հայկ Ալումյանը,  Նորա Կարապետյանի հետ  բարեկամական հարաբերություններ ունի:

«Մենք ընտանիքներով մտերիմ ենք: Հիմա եթե նա այդ հայցը քններ, վաղը բոլորն ասելու էին՝ մտերիմ են ընտանիքներով, դրա համար այսպես լուծել հարցը: Ես էի ուզում իրեն միջնորդել ինքնաբացարկ հայտնել այդ հիմքով»,- նշեց Հայկ Ալումյանը:

Գործը մակագրվել է դատավոր Կարեն Չիլինգարյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 19-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Հայցը վարույթ է ընդունվել, սակայն դեռ նիստի օր չի նշանակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել