Նոյեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին և դրանցից բխող խնդիրներին։
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսև, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների և հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ծրագիրը միտված է հենց նմանատիպ դեպքերում նպաստել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու կայուն երկխոսություն իրականացնել:
Նրա խոսքով, ՔՀԿ-ներն այսօր բախվել են մի խնդրի, որն առաջ է գալիս ՊԵԿ-ի կողմից ներկայացված երկու նախագծերից։ ««ՀԿ-ների մասին» օրենքն ընդունվել է բուռն, փուլային քննարկումների, կառավարության և ՔՀԿ-ների կոնսեսուսի արդյունքում։ Այժմ ներկայացվել են նոր նախագծեր, որոնք բացարձակ չեն բխում ձեռք բերված կոնսեսուսի արդյունքից, ավելին՝ չեն էլ քննարկվել ՀԿ-ների և հիմնադրամների հետ»,- նշեց Կարեն Զադոյանը։
Նա նաև նշեց, որ պետք է նաև հստակ տարանջատվեն ՀԿ-ներն ու հիմնադրամները և պետք չէ այդ երկու կառույցները նույն հարթության վրա դիտարկել ու համանման նախագծեր ներկայացնել։
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ որևէ բան չի խանգարում ՊԵԿ-ՔՀԿ համագործակցությանը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ու գիտենք, որ ձեր մեջ էլ բավակաին փորձառու ներկայացուցիչներ կան, որ շատ լավ կարող են ուսումնասիրել ու ներկայացնել միջազգային փորձ, որը մենք կօգտագործենք։ Մենք գնացինք փոփոխությունների ճանապարհով, բայց մենք արմատացած որևէ դիրքորոշում չունենք, մենք շտապողականություն չենք դրսևորելու, որ նախագիծն արագ ներկայացվի կառավարությանը, ուղղարկվի Ազգային ժողով»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ այս փոփոխությունները հարկային հսկողության հետ կապ չեն ունենա, իսկ համատեղ աշխատանքի համար, վստահաբար, հնարավորություններ կստեղծվեն ու նախագծերը կքննարկվեն։
Միջոցառմանը ներկա էին ինչպես ՊԵԿ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։ Նրանք թեմայի վերաբերյալ հարցեր բարձրացրին։ Հարց հնչեց, այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ հարկային մարմինը ՀԿ-ների և հիմնադրամների հաշվետվողականության ուսումնասիրության ողջ բեռն իր վրա վերցնի, և արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ վերահսկողությունը վերադարձնել արդարադատության նախարարությանը։ Կարծիք հնչեց նաև, որ լինում են դեպքեր, երբ կարող են երկու կազմակերպություն դիմել մեկ դոնորի՝ դրամաշնորհի համար, սակայն դրանցից մեկին դոնորը մերժի, իսկ եթե պետք է ՀԿ-ն հաշվետվություն ներկայացնի ու դրանում նշվի նաև իր միջոցների աղբյուրը՝ միգուցե խնդիր առաջանա հենց դոնորի անունը հրապարակելիս։
Հանդիպման ավարտին որոշվեց ՊԵԿ-ՔՀԿ կառուցողական քննարկումների և աշխատանքյաին հանդիպումների ֆորմատով մշակել երկկողմանի ընդունելի նախագծեր։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: