Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական 3 հայց էր ներկայացրել ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության։
Հայցադիմումներից մեկը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։
Նա պահանջ է ներկայացրել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու մասին։
Այս գործով դատարանին միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին և խնդրել է կիրառել հայցի ապահովում և հայցագնի չափով արգելանք դնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի, դրամական միջոցների վրա, ինչպես նաև արգելել պատասխանող կողմին մինչև սույն դատական գործով վճռի/վերջնական դատական ակտի կայոցումը, հրապարակել որևէ հոդված կապված հայցվորի անվան հետ:
Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ հայցադիմումում նշվում է, որ լրատվամիջոցներում հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
2018 թվականի հունիսի 23-ին, 24-ին և 28-ին www.1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակը Սարգիս Արծրունին է․
- «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,
- «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,
- «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները»։
Հայցադիմումի համաձայն, նշված հոդվածներում ևս տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Այս հայցադիմումով պահանջ է ներկայացվել պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում 2.000.000 դրամի չափով: