Ռոբերտ Քոչարյանը դատական 3 հայց է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցների

Այս տարի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական 3 հայց է ներկայացել դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, Առաջին լրատվական տեղեկատվական վերլուծական կենտրոնի (1in.am) և «Ժամանակ»  օրաթերթի։

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Առաջին հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է հունիսի 19-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Հավելենք, որ այս դատավորին է այժմ մակագրված Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության, «Առաջին լրատվական» տեղեկատվական վերլուծական կենտրոնի և «Ժամանակ» օրաթերթի է եղել։ Ռոբերտ Քոչարյանը պահանջ է ներկայացրել հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և զրպարտության դիմաց  2 միլիոն դրամի հատուցում: 

Քանի որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Աննա Սարդարյանի հայցադիմումը մի շարք խախտումներով է եղել, դատարանը որոշում է  վերադարձնել այն։ Մասնավորպես, առկա չեն եղել որոշ փաստաթղթերի բնօրինակներ, ինչպեսև պարզ չի եղել, թե կոնկրետ ո՞վ է պատասխանող կողմը և արդյո՞ք նրանց ներկայացված նյութաիրավական պահանջը կամ պահանջները տարբեր են։

Երկրորդ հայցադիմումը ներկայացվել է հուլիսի 12-ին։ Այն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության է եղել։ Գործը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին։ Քոչարյանը պահանջ է ներկայացրել զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու մասին։

Այս հայցադիմումը նույնպես հետ է վերադարձվել, քանի որ այն չի համապատասխանել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին։ Հայցադիմումում հայցվորի ներկայացուցչի կողմից չեն նշվել անձնագրային տվյալները:

Երրորդ հայցադիմումը ներկայացվել էհուլիսի 27-ին և օգոստոսի 8-ին վարույթ է ընդունվել։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։
ՀՀ 2-րդ նախագահի հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության է եղել, և նա պահանջ է ներկայացրել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու մասին։

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումից պարզ է դառնում, որ այս ընկերությանն են պատկանում www.1in.am ինտերնետային կայքը և «Ժամանակ»  օրաթերթը։

Լրատվամիջոցներում հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

2018 թվականի հունիսի 23-ին, 24-ին և 28-ին www.1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակը Սարգիս Արծրունին է․

  1. «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,
  2. «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,
  3. «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները»։

Հայցադիմումի համաձայն, նշված հոդվածներում ևս տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Այս հայցադիմումով պահանջ է ներկայացվել պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ  Քոչարյանին վճարել փոխհատուցում 2.000.000 դրամի չափով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել