Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս համաներումը և ու՞մ կշնորհվի․ Արտակ Զեյնալյան

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության հիման վրա Ազգային ժողովը 75 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով նիստում միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։

Այս թեմայի վերաբերյալ այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիս է հրավիրել՝ նշելով, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի այս համաներումը։

  1. Եթե նախկին համաներման ակտերով որոշակի պայմանների առկայության դեպքում պատժից ազատվում էին մինչև երեք կամ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, այս համաներման ակտով բարձրացվել է նշված առավելագույն շեմը։ Մասնավորապես՝ պատժից ազատվելու հնարավորություն ունեն մինչև չորս տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին երեքի փոխարեն, մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ նախկին հինգի փոխարեն։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ չորս և վեց տարվա շեմը գործում է և՛ դիտավորությամբ, և՛ անզգուշությամբ կատարված հանցագործությունների նկատմամբ։
  2. Համանման ձևով չորս և վեց տարվա ազատազրկման շեմը կիրառվել է նաև այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժվում է կամ քրեական գործը կարճվում է կամ քրեական հետապնդում չի իրականացվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Ընդ որում՝ տուժողների իրավունքների երաշխավորման նպատակով նախատեսվել է, որ մինչդատական և դատական փուլերում համաներման նշված դրսևորումները չեն կիրառվում անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած այն դեպքերի նկատմամբ, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը։
  3. Առանձնացվել է սոցիալական որոշակի խումբ, որի կազմում ընդգրկվող անձինք կարող են պատժից ազատվել, եթե դատապարտվել են ոչ թե հինգ, ինչպես նախկինում, այլ մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման: Խմբում ներառված են օրինակ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձինք, 60 տարին լրացած անձինք, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք և այլք։ Սոցիալական խմբի առումով այս համաներման նորույթն այն է, որ պատժից կազատվեն նաև մինչև վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք ունեն երեք կամ ավելի անչափահաս երեխա։
  4. Փոփոխվել է համաներման միջոցով նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատելու կանոնը։ Այս համաներմամբ կրճատվելու է անձի ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը, այլ հենց նշանակված պատժաչափը։ Մասնավորապես, եթե նախկինում անձի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասն էր միայն կրճատվում համապատասխան չափով, ինչը կարող էր նշանակված պատժաչափի հետ համեմատությամբ շատ փոքր մաս կազմել, ապա այսօր կրճատվելու է անձի նկատմամբ նշանակված պատիժը, ինչն իր հերթին կավելացնի համաներման շահառուների թիվը։
  5. Համաներման միջոցով թեպետ կրճատվում է որոշ հանցագործություններով դատապարտված անձանց պատժաչափի չկրած մասը (օրինակ՝ սպանությունը` առանց ծանրացուցիչ հանգամանքների, ավազակությունը, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` առանց ծանրացուցիչ հանգամանքների), սակայն, հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորությունը, նախկին համաներման ակտերով ընդունված է եղել պատժաչափի չկրած մասը վեց ամսով կրճատելու մոտեցումը։ Այս համաներմամբ նախատեսվում է նշված խումբ հանցագործություններով դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատել ինն ամսով՝ նախկին վեցի փոխարեն։ Այս փոփոխության արդյունքում ևս համաներման շահառուների թիվն աճել է։
  6. Ինչ վերաբերում է տուժողին պատճառված վնասի հատուցումը որպես համաներման կիրառման համար անհրաժեշտ նախապայման նախատեսելու հարցին՝ անհրաժեշտ է ընդգծել այն, որ մինչդատական և դատական վարույթում համաներման հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Սա է նշված փուլերում պետության որդեգրած ընդհանուր քաղաքականությունը տուժողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։

Իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Այսինքն՝ այս դեպքում նշված հանգամանքը չի կարող դիտարկվել որպես համաներում չկիրառելու հիմք։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել