Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջությունը կալանավայրում վտանգված է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանը կրկին նշեց, որ կալանավայրում պատգամավորը պատշաճ օգնույթյուն չի ստանում և նրա խափանման միջոցը պետք է փոխվի:
«Մանվել Գրիգորյանը շաքարային դիաբետ ունի: Կալանավայրում նա ինսուլինից կախվածություն է ձեռք բերել: Մինչև այնտեղ հայտնվելը նա ինսուլին չէր օգտագործում, բավարարվում էր հաբերով: Մնացած հիվանդությունների մասով էլ չեմ նշում: Ես նրան ամեն օր այցելում եմ, մոտ 2 ժամով և նա իմ աչքի առաջ վատանում է»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք է դրսևորվում:
«Ես ավելի լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող պաշտպանյալ եմ ունեցել, որի համար տեսակցությունները, հարազատների հետ հանդիպումները արգելված չեն եղել: Մանվել Գրիգորյանի դեպքում սա ուղղակի սադիզմ է: Այն ընթացքում, որ նա կալանավորված է, ընդամենը հատուկ կարգով 2 տեսակցություն է ունեցել ընտանիքի անդամի հետ»,- նշեց Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: