Վարորդական վկայական ստանալու քննության արդյունքների վրա արդյո՞ք կարող է ազդել երրորդ անձի կողմից նկարահանումը

Վարորդական վկայական ստանալու համար նախատեսված քննության կարգի վերաբերյալ Իրավաբան.net-ը մի քանի հարց է ուղղել Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին:

Մեզ ուղղված պատասխանում նախ նշվում է, որ վարորդական վկայական ստանալու համար ճանապարհային ոստիկանության քննական մարմին դիմած անձը որակավորման տեսական և գործնական քննությունները հանձնում է  կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N1158-Ն որոշմամբ հաստատված կարգով: Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո գործնական վարման քննությունը հանձնվում է ավտոդրոմում (կամ ավտոհրապարակում) կամ Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում:

-Ո՞ր դեպքերում է անձը անբավարար գնահատվում՝ վարորդական վկայական ստանալու համար քննությունից:  Խնդրում եմ հայտնել, թե իրավական ո՞ր նորմով է այն կարգավորվում:

Ավտոդրոմում կամ ավտոհրապարակում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 8-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:

 Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 9-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ: Գործնական քննությունը կարող է դադարեցվել մինչև սահմանված ժամանակի լրանալը,  եթե քննություն հանձնողը խախտում է ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրությունը, և քննությունը համարվում է հանձնված բացասական:

Գործնական քննության ժամանակ արդյո՞ք արգելվում է երրորդ անձի կողմից տեսանկարահանում կատարելը: Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել, թե իրավական ո՞ր նորմի հիմքով:

Գործնական քննության ժամանակ քննություն հանձնողից և քննությունն ընդունողից բացի տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի:

Արդյո՞ք վարորդական վկայական ստանալու համար գործնական քննության ժամանակ քննություն հանձնողը կարող է անբավարար գնահատվել այն բանի համար, որ երրորդ անձի կողմից քննություն հանձնելու ընթացքը տեսանկարահանվել է:

Գործնական քննության ընթացքում 3-րդ անձի կողմից տրանսպորտային միջոցից դուրս կատարված տեսանկարահանումը չի կարող ազդեցություն ունենալ  քննության գնահատման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել