Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը նամակով դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը դիմել է պաշտպանության նախարարին՝ բանակ զորակոչվելու խնդրանքով:
Ոստիկանապետին և ՔԿ նախագահին ուղղված նամակում նշված է եղել, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունը վաղաժամ է եզրակացություններ արել և խախտել է Տրդատ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը:
Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ այժմ Տրդատ Խաչատրյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում փորձաքննություն է անցնում, որը 21 օր պետք է տևի:
«Տրդատ Խաչատրյանը 24 ժամ հոգեբուժարանում է: Ինքը չի խուսափել ծառայությունից, ուղղակի բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Դա կապված է եղել ինչ-որ դեպքերի հետ, երբ ինքը հիվանդացել էր: Ինքը չի ուզում չգնա, ուղղակի բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա է, որ չեն տարել: Հիմա էլ ասում է՝ ավելի լավ է գնամ բանակ, քան իմ նկատմամբ քրեական գործ հարուցվի»,-նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց դիրքորոշումն այն է, որ բժշկական հանձնաժողովը ճիշտ եզրակացություն է տվել. «Թե ինչի հիման վրա են եզրակացրել, որ 18-ը չլրացած երիտասարդը կեղծ փաստաթղթեր կարող է ներկայացրել, դա արդեն քննչական մարմինը պետք է հիմնավորի»:
Տրդատ Խաչատրյանի նամակը ներկայացնում ենք ստորև.
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Բացի այդ նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին/ ինչ է իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետներ են/: Կամ 18 տարեկան տղան ինչ փատաթղթեր կարող էր կեղծել. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: 2017թ.-ին օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանը ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝ Սուրիկ Տիգրանի Խաչատրյան ՝ծնված 27.հոկտեմբերի.2016թ.-ին, և Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 06.դեկտեմբերի.2017թ.-ին: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաև քննիչի, դատավորի և լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս.Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք նաև վաղեմության մասին: ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝ «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միևնույն պետական մարմինը իրավունք չունենա և հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու և հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորությունները: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 18.07.2018թ.-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: ՀՀ ոստիկանությունը ընդամենը նյութեր է հավաքել /և դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր և օրինական/ և ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և դրանով ավարտել է իր աշխատանքները: ՀՀ Ոստիկանությունը չգիտի և չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր ինչը ոչ, սակայն խախտելով գործող օրենքը և առաջ անցնելով նախաքննության մարմնից նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձև է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է: Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն և ՀՀ քննչական կոմիտեն,Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, և իհարկե Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը,և անմեղության կանխավարկածը պետք է պահպանվի բոլորի կողմից: Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ, կապված Ս.Խաչատրյանի հետ, օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրև» է թափվում՝ Հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները սկսած դատարանից,դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչև Սյունիքի մարզպետարանը,մարզի քաղաքապետարանները նյութեր են հավաքում, բացատրություն և ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում,տեսագրում,ձայնագրում…: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմում-խնդրանքով դիմել է նաեւ անձամբ Տրդատ Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարին ուղղված նամակում Տ․ Խաչատրյանը գրում է․ Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաև թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի: 2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում: 2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը: Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել: 2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական,առողջական,հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաև արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, և ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30.հուլիսի.2018թ.-ից: Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»:
Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանի նկատմամաբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում: