Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը հայտարարեց, որ ԱԱԾ աշխատակիցները եկել էին իր առանձնատուն ապօրինի զենք գտնելու կասկածանքով:
«Ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ առանձնատուն, բոլորը խուզարկեցին: Օրինական զենքերից բացի ուրիշ զենք չգտնվեց: Օրինական զենքներս վերցրինք ու գնացինք ԱԱԾ: Հարցաքննություն գնաց, թե՝ Դուք անօրինական զենք ունեք, ես էլ տրամաբանորեն ասացի, որ արցախյան պատերազմից պահած օրինական զենք է: Այդ ժամանակ քելեխի տեղն էի, եկան, տվեցի իրենց»,-նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ են ԱԱԾ աշխատակիցները հենց իր տանը զենք փնտրել, Առաքել Մովսիսյանը պատասխանեց, որ արցախյան պատերազմից հետո թուրքերի զենքերից եկել է Հայաստան, դրա համար են խուզարկություններ իրականացնում. «Պիտի բոլորս էլ ուժ գտնենք, էդ անօրինական զենքները բոլորը հանձնենք մեր պետականությանը»:
Նա նշեց, որ ինքը օրինական, կամավոր բոլոր զենքները հանձնել է ԱԱԾ-ին. «Ինչ ունեմ հանձնել եմ ու գտնում եմ, որ դրա կարիքը այլևս չկա: Պատերազմ լինի, մեզ զենք կտան, կգնանք մեր երկիրը պաշտպանելու»:
Նախկին պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ի գործողությունները օրենքի սահմանում են եղել և ինքը շատ գոհ է նրանցից. «Նախորդ ԱԱԾ-ն որ եկավ, թուղթ քցին, զենք քցին, բայց հիմա ըտենց բան ես չէի տեսել, շատ շնորհքով եկան իմ բնակարան, երեխաներս չեն վախեցել, ցույց եմ տվել այն շենքը, որտեղ զենքն ա»,-ասաց նա:
Հարցին, թե գո՞հ է արդյոք նոր իշխանություններից, Առաքել Մովսիսիյանը նշեց, որ այդպիսի հարց նրան չտանք, նա ուղղակի շնորհակալ է ԱԱԾ-ից:
«Շատ շնորհակալ եմ ԱԱԾ-ից՝ շնորհքով պահվածքի համար՝ օրենքի տառին համապատասխան»,-նշեց նա:
Եվգենյա Համբարձումյան