Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Դատարանը ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարեց մասնակի:
Վերաքննիչ դատարանը որոշեց Ժիրայր Սեֆիլյանի համար պատիժ սահմանել 5 տարի 5 ամիս 2 օր ժամկետով: Նրա խափանման միջոցը փոփոխվեց՝ ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ: Ազատ արձակվեց:
Գևորգ Սաֆարյանի համար պատիժ սահմանել 2 տարի 6 ամիս ժամկետով և ազատ արձակել կալանքից:
Հրայր Թոփչյանի համար պատիժ սահմանել 2 տարի ժամկետով և ազատ արձակել կալանքից:
Սասունիկ Կիրակոսյանի համար պատիժ սահմանել 2 տարի ժամկետով և ազատ արձակել կալանքից:
Գալուստ Գրիգորյանի համար պատիժ սահմանել 2 տարի ժամկետով և ազատ արձակել կալանքից:
Ներսես Պողոսյանի համար պատիժ սահմանել 2 տարի ժամկետով և ազատ արձակել կալանքից:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Հրայր Թոփչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Հրայր Թոփչյանը գիտակցելով կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ,ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Սասունիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Սասունիկ Կիրակոսյանը գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, ապա հրաժարվել ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զիված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի պահել և ձեռք են բերել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Նրանք գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել են հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը կամովին հրաժարվել են ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց: