Երբեմն պատահում է, որ գնում ենք որևէ իր, սակայն մի քանի օր անց հասկանում ենք, որ դա այն չէր, ինչ մեզ պետք է:
Ի՞նչ ժամկետ է օրենքը նախատեսում գնված ապրանքը վերադարձնելու կամ այն այլ ապրանքով փոխարինելու համար:
«Գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` վաճառողի մոտ փոխարինելու համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին վերադարձնել ձեռք բերած ապրանքը և ստանալ դրա համար վճարած գումարը:
Ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Աղբյուրը` Իրավաբան.net