Այսօր՝ ապրիլի 10-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի լույսի ներքո ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ:
19 ՀԿ ներկայացուցիչների համար մի շարք պարզաբանումներ արեցին ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանը և գլխավոր հարկային տեսուչ Նաիրա Բեժանյանը։
Քննարկվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի սույն թվականի փետրվարի 13-ի թիվ 59-ն հրամանը, որով սահմանվել է հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և ՊԵԿ ներկայացնելու մասին կարգը։
«ՊԵԿ-ն ունի իր նոր ստորաբաժանումը՝ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժինը, իսկ հասարակական կազմակերպությունները պետք է սերտ համագործակցություն սկսեն այդ ստորաբաժանման հետ։ Հուսով ենք, այդ սկիզբը դրվեց այսօր»,- ասաց ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
«Մեր նպատակն այն է, որ ՊԵԿ-ի և ՀԿ-ների միջև հարաբերությունները ճիշտ ընթացք ստանան։ Մենք կընդունենք ձեր առաջարկները, կքննարկենք դրանք։ Քանի որ այս դեպքում աշխատանք ծավալողը դուք եք, ձեզ համար ավելի պարզ ու ակնհայտ են ընթացիկ խնդիրները»,-նշեց ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղազարյանը։
Մասնակիցները հարցուպատասխանի տեսքով մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին:
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանրային միջոցներից օգտվելու հետ կապված իրենց կազմակերպությունը որոշակի խնդիրներ է ունեցել․
««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում նշվում է, որ ՀԿ-ները, եթե օգտվում են հանրային միջոցներից, պետք է ներկայացնեն ֆինանսական հաշվետվություններ ու հարց էր ծագում՝ արդյո՞ք ծառայությունների մատուցումը, որն իրականացվել է պետության ֆինանսվորմամբ, նույնպես կարելի է մեկնաբանել որպես հանրային միջոցներից օգտվել, սակայն ՊԵԿ-ից, առայժմ բանավոր կերպով մեկանաբանեցին՝ ոչ, դա չի դիտարկվում և միայն դրամաշնորհային ծրագրերը կարող են համարվել որպես հանրային միջոցներից օգտվել»,-ներկայացրեց Անուշ Մարգարյանը։
Անի Առաքելյանը, ով ներկայացնում էր «Հաշվապահության ուսուցման միջազգային կրթական կենտրոն» հիմնադրամը, կարևորեց հատկապես այն հարցը, որ կրթական հիմնադրամների հետ կապված ևս պետք է ֆինանսական հաշվետվությունների միասնական համակարգ մշակվի, որպեզի այն բաց լինի հասարակության համար։ «Ցանկալի կլինի, որ բոլորն էլ տեսնեն, թե որ կրթական հիմնադրամն ինչով է զբաղվում, բնականաբար, սա էլ է առաջընթաց, գնում ենք դեպի էլեկտրոնային դարաշրջան»,- ասաց նա։
«ՀԿ-ների մասին» օրենքի նախագիծը, մշակել է արդարադատության նախարարությունը, ՊԵԿ-ի կողմից չի մշակվել այն։ ՊԵԿ-ի համար ևս սա նոր գործառույթ է՝ ոչ առևտրային կազմակերպությունների գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, հետևաբար, օրենքի փոփոխություններում հնարավոր է լինեն որոշակի տարընկալումներ, տարընթերցումներ, ժամանակի ընթացքում մեր բաժինը կներկայանցի օրենսդրական կամ գերատեսչական ակտերի փոփոխության նախագծեր»,-ասաց գլխավոր հարկային տեսուչ Նաիրա Բեժանյանը։
Ամփոփելով հանդիպում-քննարկումը՝ Կարեն Զադոյանը ասաց․ «Մենք շատ կառուցողական և ազատ քննարկում ունեցանք, այն հարցերը, որոնց չտրվեցին պատասխաններ՝ կհավաքագրվեն և գրավոր կներկայացվեն ՊԵԿ։ Պատասխանը ստանալուն պես, մենք բոլորին կտեղեկացնենք»,- նշեց նա։
Նշենք, որ սեմինարն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁհամագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականությանմշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտայինկոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրն ունիդրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններինև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Ալիսա Չիլինգարյան